Շոու բիզնես

Տիգրան Համասյանը վարպետության դասեր կտա Հայաստանում եւ Արցախում

3 րոպեի ընթերցում

Տիգրան Համասյանը վարպետության դասեր կտա Հայաստանում եւ Արցախում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ դաշնակահար, ջազմեն Տիգրան Համասյանը ապրիլի 8-ից մայիսի 10-ը վարպետության դասեր կանցկացնի Հայաստանում եւ Արցախում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Նարեկացի» արվեստի միության միջոցառումների համակարգող Վիկտորիա Անտաբյանը նշեց, որ դասընթացներով արդեն հետաքրքրվածների թիվը մեծ է: Նա պատմեց, որ հենց Համասյանի նախաձեռնությունն էր Հայաստանում վարպետության դասընթացներ անցկացնելը:

«Մենք գիտեինք, որ Տիգրան Համասյանի դեպքում դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտողների թիվը մեծ կլինի, սակայն քանի որ դահլիճը անսահմանափակ չէ, կփորձենք անել այնպես, որ վարպետության դասընթացներին մասնակցեն երաժիշտներ»,- ասաց միջոցառումների համակարգողը: Նրա խոսքով` «Նարեկացի» արվեստի միության դահլիճում յուրաքանչյուր դասընթացին կկարողանա մասնակցել մոտ 75 մարդ: Շուրջ երկու ժամ տեւողությամբ վարպետության դասախոսությունների թեման ընդգրկելու է ոչ միայն ջազը: Մատուցվող նյութը լինելու է առհասարակ երաժշտության մասին, Համասյանը նաեւ ներկայացնի երաժշտության բաղադրիչ հանդիսացող երեք էլեմենտները` ռիթմ, մեղեդի եւ ներդաշնակություն:

Դասերը կանցկացվեն Գյումրիում ապրիլի 8 եւ 9-ին Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցում, Երեւանում ապրիլի 15-19-ը` «Նարեկացի» արվեստի միությունում, Գորիսում ապրիլի 27-29-ը` գուսան Աշոտի անվան մշակույթի տան դահլիճում եւ Շուշիում մայիսի 6-10-ը` «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում: Դասընթացներն անվճար են: Համաձայն նախնական տեղեկության` Համասյանն իր այցի շրջանակում չի պլանավորում հանդես գալ պաշտոնական համերգով:

Համասյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում: Երկու տարեկան հասակից նա սկսում է լուրջ հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության հանդեպ: Ռադիոն, ձայնագրիչն ու երաժշտական գործիքները տղային ցանկացած խաղալիքից ավելի էին գրավում: Արդեն երեք տարեկանում նա անսխալ կարողանում էր երգել մեղեդիներ այնպիսի լուրջ խմբերի երգացանկից, ինչպես` The Beatles, Led Zeppelin, Queen, սակայն նա առանձնակի հաճույքով երգում էր Լուի Արմստրոնգի (Louis Armstrong) երգերը: Յոթ տարեկանում լիովին արտահայտվում է նրա սերը ջազի հանդեպ. նա ողջ օրը սկսում է լսել ջազային տարբեր ոճերի ստեղծագործություններ և փորձում իմպրովիզացիա անել դաշնամուրով: Այնուհետև Տիգրանն ընդունվում է երաժշտական դպրոց:

1997 թվականին Համասյանի ընտանիքը տեղափոխվում է Երևան, և նա ջազով լրջորեն զբաղվելու հնարավորություն է ստանում: 2009 թվականին Տիգրանը պաշտոնական համերգներով այցելեց Երևան: Նա դուետով հանդես եկավ ուդահար և վոկալիստ Դաֆեր Յուսեֆի(Dhafer Youssef) հետ:

Այսօր Տիգրանը նվագում է, ելույթներ ունենում իր խմբի և ջազի աստղերի հետ, ստեղծագործում է, ընդունելով հրավերներ` հանդես է գալիս մենահամերգներով և մասնակցում աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող փառատոներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում