ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` իր ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գրել է. «Ցավոք, կյանքից հեռացավ մեր ժամանակների լավագույն տնտեսագետներից և ուսուցիչներից մեկը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանը: Աստված հոգին լուսավորի»,- նշել է ՀՀ վարչապետը:
Գիտնականն այս տարի նշել էր իր 85-ամյակը, ինչի առթիվ կրթության, գիտության և մանկավարժության բնագավառներում երկարամյա ու բեղմնավոր գործունեության, ներդրած ակնառու ավանդի համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Նորայր Մանասերյանը ծնվել է 1927 թ. դեկտեմբերի 28-ին: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ տնտեսագետի որակավորմամբ: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է: Եղել է ԽՄԿԿ անդամ: Աշխատել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում՝ քաղաքատնտեսության ամբիոնի պրոֆեսոր:
Մանասերյանի ջանքերով 1973 թվականին ստեղծվել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ագրարային բաժինը: Նրա աշխատությունները մեծ գնահատանքի են արժանացել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ղազախստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում այլ երկրներում: