Տարածաշրջանային

Թուրքական բանակում ինքնասպանության դիմողների մեծամասնությունը քրդեր, հայեր եւ ալեւիներ են

3 րոպեի ընթերցում

Թուրքական բանակում ինքնասպանության դիմողների մեծամասնությունը քրդեր, հայեր եւ ալեւիներ են

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդյոք պատակահան է, որ Թուրքիայի զինված ուժերում ինքնասպանության դիմող զինծառայողների մեծ մասը ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են` քրդեր, ալեւիներ եւ հայեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հարցադրում է արել թուրքական Evrensel պարբերականը` հայտնելով թուրքական բանակում տեղի ունեցած հերթական ինքնասպանության մասին:

2009 թ-ի սեպտեմբերի 3-ին Քոջաելիի զորամասերից մեկում ինքնասպանություն գործած 20-ամյա զինծառայող Օզեր Բարանի հայրը` Այդըն Բարանը, թերթի հետ զրույցում պատմել է, որ ամեն անգամ բանակում ինքնասպանության դիմած երիտասարդի մասին լուրը լսելիս իր ցավը նորոգվում է: Նրա խոսքով` պատահական չէ, որ բանակում ինքնասպանություն գործող երիտասարդների մեծամասնությունը քուրդ, ալեւի եւ հայ է: «Մենք դերսիմցի ալեւի եւ քուրդ ընտանիք ենք: Չեմ հավատում, որ որդիս ինքնասպանություն է գործել բանակում, նրան սպանել են իր հավատի եւ ազգության համար», -ասում է զինվորի հայրը:

Սգավոր հայրը 4-ամյա լռությունը խախտել է մամուլում հերթական քուրդ երիտասարդ զինվորի` Մազլում Աքսուի իքնասպանության դիմելու լուրը կարդալուց հետո: «Ես որդուս հետ վերջին անգամ ինտերնետով զրուցել եմ 2009 թ-ի սեպտեմբերի 2-ի երեկոյան: Իսկ հաջորդ առավոտյան` ժամը 8:00-ին, ինձ հաղորդեցին, որ որդիս ինքնասպանություն է գործել` կրակելով իր վրա: Նա մասնագիտությամբ վարսավիր, ամրակազմ տղա էր, ինչու՞ պետք է վերջ դներ կյանքին: Դեպքից մի քանի օր անց երզնկացի մի զինվոր զանգահարեց մեր տուն եւ ասաց, որ գալու է Էլազիգ եւ պատմելու է իրականությունը: Սակայն նա այդպես էլ չեկավ: Այդ հեռախոսազանգն ավելի մեծացրեց իմ կասկածները, որ որդուս բանակում սպանել են», -ասել է Այդըն Բարանը: Նա նաեւ երկյուղած է, որ շուտով բանակ գնալու տարիքի են հասնում իր մյուս երկու որդիները, եւ վախենում է, որ նրանք եւս կարժանանան ավագ որդու ճակատագրին:

«Մեր շրջապատում նվազագույնը 10 երիտասարդներ ինքնասպանություն են գործել բանակում: Նրանք բոլորն էլ ազգությամբ քուրդ, կրոնով ալեւի ընտանիքներից են: Ես պահանջում եմ բացահայտել, թե ինչու են բանակում ինքնասպանության դիմում հիմնականում ոչ թուրքերը», -հարցնում է նա` դիմելով Թուրքիայի զինվորների իրավունքների պաշտպանության կազմակերպությանը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն օրերս հայտարարել է, որ վերջին 10 տարիներին թուրքական բանակում 967 զինծառայողներ ինքնասպանություն են գործել, 601 զինծառայողներ էլ զոհվել են ահաբեկչական գործողությունների ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում