Հատուկ նախագծեր

«Արարատ 73-40 տարի անց». մեկնաբանների հուշերն ու Սուրեն Բաղդասարյանի արխիվի բացառիկ ձայնագրությունը

10 րոպեի ընթերցում

«Արարատ 73-40 տարի անց». մեկնաբանների հուշերն ու Սուրեն Բաղդասարյանի արխիվի բացառիկ ձայնագրությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համազգային սիրո արժանացած թիմի` «Արարատ 73»-ի խաղերը մեկնաբանելը կրկնակի ուշադրություն և զգոնություն էին պահանջում մեկնաբաններից:Բայց, ինչպես ամեն մի բանական արարած, նրանք էլ հաճախ ուրախությունից կարող էին շփոթվել, մոռանալ բառերը: Երբեմն նրանք այնպիսի արտահայտություններ էին անում, որոնք թևավոր խոսք էին դառնում եւ հիշվում երկար ժամանակ: Ֆուտբոլային մեկնաբանները մարզադաշտում 12-րդ ֆուտբոլիստն են: Նրանք ակնդետ հայացքով «գնդակի հետ են», սայթաքած ֆուտբոլիստի հետ «վայր են ընկնում», մրցավարի հետ «որոշումներ են կայացնում»... Հաղորդավարական իրենց խցիկից ֆուտբոլասերին «պահում են» ռադիոընդունիչների կամ հեռուստաէկրանների առջեւ: Նրանք այն միջնորդներն են, ովքեր պետք է անթերի ու անխափան պահեին ունկնդրի ու մարզադաշտի կապը:Այդ օրերի իրենց ապրումների ու հույզերի մասին «Արմենպրես»-ի հետ կիսվեցին ֆուտբոլային մեկնաբաններ Սուրեն Բաղդասարյանն ու Սլավա Սարգսյանը:

Պատմում է Սուրեն Բաղդասարյանը.

«Ես երջանիկ եմ, որովհետև իմ մեկնաբանական աշխատանքը համընկավ «Արարատ»-ի փառահեղ ելույթների հետ: Առաջին ռեպորտաժը վարել եմ 1971 թվականի սեպտեմբերի 6-ին, երբ նորաբաց Հրազադան մարզադաշտում «Արարատ»-ն ընդունեց Տաշքենդի «Պախտակորին»: «Արարատ»-ը հաղթեց 3-2 հաշվով: Այդ մրցաշրջանում Արարատը դարձավ ԽՍՀՄ փոխչեմպիոն: Առաջին անգամն էր, որ հայկական ֆուտբոլի դրոշակակիրը դառնում էր ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր, այն էլ` փոխչեմպիոն: Դրանից հետո եկավ 1973 թվականը: Այդ անմոռաց տարում «Արարատ»-ը նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը, ԽՍՀՄ գավաթը: Մեկ տարի անց 1975 թվականին «Արարատ»-ը նորից դարձավ Միության գավաթակիրը, իսկ 1976 թվականի «Արարատ»-ը դարձյալ ԽՍՀՄ փոխչեմպիոնն էր: Այդ երանելի 4 տարիների ընթացքում «Արարատ»-ը 3 անգամ հասավ գավաթի խաղարկության եզրափակիչ, 2 անգամ դարձավ գավաթակիր:

Հետաքրքիր շատ բաներ կան հիշելու: Օրինակ, Թբիլիսիի «Դինամո»-ի հետ հանդիպումները: 1973 թվականին հերթական անգամ հյուրընկալել էինք նրանց, եւ հաղթեցինք 3-0 հաշվով: Թբիլիսիի «Դինամո»-ի հետ հանդիպումները պատմական էին: Հայ եւ վրացի ժողովուրդների համար այդ դիմակայություններն ավելի նման են այս օրերի «Ռեալ»-«Բարսելոնա» խաղերին: Այդ խաղը մեկաբանելու համար եկել էին վրացի երկու երիտասարդ մեկնաբաններ: Իրենց ամենահայտնի մեկնաբանը` Կոտե Մախարաձեն, ներկա չէր այդ խաղին:

Եվ երբ մենք երեք-զրո հաղթեցինք, վրացի երիտասարդ մեկնաբանները`Ջամլետ Հոխաշվիլին մոտեցան ինձ ու ասացին. ««Դինամո»-ն լավ կազմ ունի, բայց երբեք «Արարատ»-ի նման այսպիսի լավ խաղ չի խաղացել: Դուք ունեք միջազգային մակարդակի թիմ»:Ես համոզված եմ, որ նրանք ճշմարիտ էին, քանի որ այդպես էին ասում ոչ միայն վրացի մեկնաբանները, այլ նաեւ` օտար մասնագետներ»:

«Չեմ մոռանում «Զենիթ» հետ հանդիպման ժամանակ մարդիկ «Հրազդան» մարզադաշտ էին եկել դհոլ- զուռնայով: Այդպես տոնեցինք հաղթանակը: Ինձնից առաջ «Արարատ»-իխաղերը մեկնաբանում էր Լեւոն Դանիելյանը: Շատ լավ մեկնաբան էր, հատկապես նրա ռադիո մեկնաբանությունն արվեստ էր, մարդիկ ունկնդրում էին ռադիոթատրոնի նման:

…Մինչև 1973 թվականի «Զարյա»-ի հետ հանդիպումը մեկնաբաններին չէին գործուղում արտագնա խաղերը լուսաբանելու: Բեյրութցի ուսանողների խնդրանքով Սպորտ կոմիտեի նախագահը, մեր առաջին Օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանը, հեռուստատեսության կոմիտեի հետ համաձայնություն ձեռք բերեց` մեկնաբան գործուղելու համար: Եւ ես խաղի նախօրեին մեկնեցի Մոսկվա « պատմելիս այդ օրվա ուրախությունն իջավ դեմքին»:

Ես անմիջապես գնացի Նովոգորսկ, որտեղ ուսումնամարզական հավաքն էր անցկացնում մեր թիմը: Այդ ժամանակ ԽՍՀՄ հավաքականի կազմի կեսից ավելին Կիևի «Դինամոյի» ֆուտբոլիստներն էին: Եվ մենք նրանց հետ էինք մրցելու:

Մի հետաքրքիր բան եղավ, Իշտոյանի խփած գնդակից հետո նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որն էլ համընկավ այն ժամանակ միութենական բոլոր հանրապետություններով պարտադիր հեռարձակվող «Վրեմյա»-ի«Ժամանակ» լրատվական ծրագրի հետ: Ամբողջ Հայաստանը ռադիոյից, իմ ձայնով իմացան, որ Իշտոյանի երկրորդ գոլի շնորհիվ մերոնք հաղթել են:

Եվ, բնականաբար, խաղից հետո գնացինք հանդերձարան: Ֆուտբոլային աշխարհում բոլոր հայտնի և անհայտ դեմքերն այնտեղ էին: Երբ ես ներս մտա տղաները կիսամերկ էին, ուրախությունից չէին գնացել ցնցուղ ընդունելու: Եվ հենց այդ պահին, իմ ներկայությամբ, Անդրեասյանը մոտեցավ Նիկիտա Սիմոնյանին ու ասաց. «Նիկիտա Պավլովիչ, կուզենայի այս պահին Երեւանում լինեինք»: Գավաթի խաղարկության ավարտից հետո տղաները մեկնեցին Դոնեցկ, որտեղ շատ կարեւոր հանդիպում ունեին տեղի «Շախտյոր»-ի հետ: Հետո, երբ վերադարձան Երեւան օդանավակայանից մինչեւ քաղաք ժողովուրդը, հոծ բազմությամբ, դհոլ զուռնայի նվագով ու պարով դիմավորեց հաղթանակով վերադարձած իր հերոսներին: Համազգային այդ տոնը երկար ժամանակ նշվում էր հանրապեությունում: Մեծարում էին տղաներին, ովքեր իրավամբ արժանի էին դրան»:

Պատմում է Սլավա Սարգսյանը

«Ես ասեմ, որ այդ տարիների մարզական մեկնաբանների բախտը բերել էր: Ունեինք մի հրաշալի թիմ, որի խաղը գերել էր բոլորին, եւ, անկեղծ ասած, ֆուտբոլասերները հեռուստատեսությամբ ֆուտբոլը դիտելիս, մեկնաբաններին այլեւս չէին էլ լսում: Բոլորն էին կլանված Արարատի խաղով, ֆուտբոլիստներին դեմքերով գիտեին, և իրենք էին իրենց համար մենաբանություն անում: Խաղերի լուսաբանման հետ աճում ու կատարելագործվում էին նաեւ մարզական մեկնաբանները: Ասելիք շատ կար, մեկնաբանելու շատ պահեր կային, դու ֆուտբոլիստների նման մտնում էիր քո տարերքի մեջ:

Ես այդ ժամանակ շատ երիտասարդ էի, 22-23 տարեկան: Մենք երբեմն մեկնում էինք թիմի հետ միասին, օդանավի մեջ, ամենուր միասին էինք: Երբեմն լինում էին պահեր, երբ մրցակից թիմում կարծում էին, թե ես «Արարատ»-ի խաղացող եմ: Մենք այն երջանիկներից ենք, ովքեր իրենց աչքերով են տեսել «Արարատ»-ի հաղթանակը: Դա մի ժամանակաշրջան էր, որ աշխարհասփյուռ հայ ժողովուրդ հպարտություն էր ապրում:

Ասեմ, որ «Արարատ»-ով հիանում էին ոչ միայն հայ երկրապագուները, այլ ԽՍՀՄ 15 հանրապետությունների ֆուտբոլասերները: «Արարատ»-ի երկրպագուներ էին դարձել նաեւ «Արարատ»-ի մրցակից թիմերի ֆուտբոլասերները: Դա գալիս էր նրանից, որ «Արարատ»-ն, իրոք, հասուն, գրագետ, կոլեկտիվ խաղ էր ցուցադրում, եւ հնարավոր չէր չերկրպագել այդ թիմին:

Ես հիշում եմ, որ Վրաստանից էլ ֆուտբոլիսերներ էին գալիս Երեւան «Արարատ»-ի խաղը դիտելու: Մոսկվայում Արարատին ընդունում էին որպես իրենց սեփական թիմի:

Շատ հետաքրքիր տղաներ էին հավաքվել այդ թիմում, եւ նրանք պարտությունը շատ ծանր էին տանում: Նրանք կոչված էին միայն հաղթելու, եւ ունեին այդ տաղանդը: Եվ փառք Աստծո, նրանց հետ այդ տարիներին աշխատեցին շատ հրաշալի մասնագետներ: Նրանք իրենց ձեռագիրն ու հետքը թողեցին Արարատի վրա: Արարատցիները տանել չէին կարողանում պարտությունը: Վկա եմ եղել, թե ինչպես էին նրանք վիճում պարզելու համար, թե ում պատճառով պարտվեցին: Բայց դրանից հետո նրանք կարողանում էին ճիշտ եզրակացություն անել գտնել թույլ տեղերն ու շտկել սխալները, եւ հաղթականորեն առաջ շարժվել: Իսկ երբ հաղթում էին հաղթանակի քաղցրությունը նրանք տոնում էին միայն հանդերձարանում: Դաշտում ընդգծված ցուցադրություն չէին անում: Իսկ հանդերձարանից դուրս գալուց անմիջապես հետո սկսվում էր հաջորդ խաղի նախապատրաստությունը: Իսկ ինչ վերաբերվում է Նիկիտա Սիմոնյանին, ապա նա ոչ միայն Արարատի գլխավոր մարզիչն էր, այլ Արարատի կուռքն էր, Արարատի ոգին: Սիմոնյանն ինքը շատ լավ կյանքի ու մարզական փորձ ուներ, շատ լավ էր հասկանում ֆուբոլիստին, շատ լավ գիտեր գովաբանելու եւ հանդիմանելու պահերը: Ամեն հանդիպման ավարտից հետո, մյուս թիմերի մեկնաբաններն անմիջապես շրջապատում էին մեզ: Արարատի խաղը բարձր էին գնահատում ոչ միայն ֆուտբոլասերները, այլ նաեւ` մասնագետները:

Հիշում եմ, այն ժամանակ Օդեսայի «Չերնոմորեց» թիմը գլխավորում էր ադրբեջանցի մասնագետ Ահմեդ Ալիսկերովը: Գուցե անհավատալի թվա, բայց չեք պատկերացնում, թե նա ինչպես էր երկրպագում «Արարատ»-ին: Եւ նույնիսկ մի անգամ, «Սովետսկի Սպորտ» թերթում գրել էր. «Արարատը չի մտածում հաղթանակի մասին, Արարատը խաղում է իր ֆուտբոլը, իսկ հաղթանակները իրենք են գալիս»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում