Մահմուդ Ահմադինեժադը ծնկի է իջել եւ համբուրել Ուգո Չավեսի դագաղը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր հարգանքի տուրքն է մատուցել Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսին՝ ներկա գտնվելով մայրաքաղաք Կարակասում կայացած հոգեհանգստի արարողությանը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Telegraph-ը, երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոյի հետ զրույցից հետո Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը մոտեցել է հանգուցյալի դագաղին, ծնկի իջել եւ համբուրել այն:
Բացի Ահմադինեժադից` աշխարհի 5 մայրցամաքներից Վենեսուելա են ժամանել 30-ից ավելի քաղաքական առաջնորդներ՝ վերջին հրաժեշտը տալու իր երկիրը 14 տարի կառավարած Ուգո Չավեսին:
58-ամյա Չավեսը մահացել է մարտի 5-ին՝ 2 տարի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո: Վենեսուելայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ պատրաստվում են զմռսել Չավեսի մարմինն ու տեղադրել այն մայրաքաղաքային Ռազմական թանգարանում:Երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն: