Տարածաշրջանային

Ասորիները պահանջում են Թուրքիայի ԵՄ նախարար Բաղըշի հրաժարականը

4 րոպեի ընթերցում

Ասորիները պահանջում են Թուրքիայի ԵՄ նախարար Բաղըշի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքաբնակ ասորիները եւ համաշխարհային ասորական կառույցներն ու միավորումները համատեղ ստորագրությամբ տարածած հայտարարությամբ Թուրքիայի ղեկավարությունից պահանջել են այդ երկրի` Եվրամիությանն անդամակցության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի հրաժարականը: Դա հիմնավորվել է նրանով, որ վերջինս վիրավորել է ասորի ժողովրդին: «Խստորեն դատապարտում ենք ատելություն եւ թշնամանք սերմանող, քաղաքական բարոյականությունից դուրս հայտարարությունները եւ պահանջում պաշտոնից հեռացնել նախարարի աթոռին անարժան այդ անձին», -ասված է հայտարարության մեջ:

2013 թ-ի հունվարի 16-ին Շվեդիայի ասորի պատգամավորների եւ ասորական քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատանը հանդիպման ժամանակ թուրք նախարարը ասորիների ցեղասպանությունը (Սեյֆո) Շվեդիայի խորհրդարանում ճանաչելու ուղղությամբ նրանց աշխատանքները նմանեցրել է «ձեռնաշարժության»: Դիմելով դեսպանատան կողմից հրավիրված ասորիներին, Բաղըշն ասել է. «Ցեղասպանության ձեռնաշարժություն կատարելով Շվեդիայում եւ Եվրոպայում պատճառ դարձաք Շվեդիայի կողմից այն որպես ցեղասպանություն ճանաչվելուն, եւ ինչի՞ հասաք: Այդ գործին խառնելով նաեւ պոնտոսյան հույներին, ինչո՞ւ եք սադրանքներ հրահրում», -ասել էր Բաղըշը, ինչը ասորիները որպես սպառնալիք են բնութագրել:

Հայտարարության մեջ նշվում է, որ թուրք նախարարը մշտապես սպառնալիքներ է տեղացել թուրքական ճնշումների եւ ահաբեկչական քաղաքականության պատճառով Օսմանյան Թուրքիայում 1915 թ-ին քրդերի օգնությամբ սեփական էթնիկ բնակավայրերում ասորիների զանգվածային կոտորածները ցեղասպանություն ճանաչել տալու աշխատանքներով զբաղված մարդկանց վրա: «Բաղըշի արածը մարդասպանների եւ հանցագործների վկաներին լռեցնելուց եւ ճնշելուց բացի այլ բան չէ: Նա այն մարդն է, ով ցեղասպանության ընդունման եւ ասորական Moռ Gabriel վանքի տարածքների հարցում աշխատանքների համար ասորի պատգամավոր Յըլմազ Քերիմոյին «անցանկալի անձ» է հայտարարել եւ փորձել սադրանքներ հրահրել նրա դեմ: 2012 թ-ին BBC-ի ծրագրերից մեկում Բաղըշը բանտերում գտնվող լրագրողներին «բռնաբարողներ», «թալանչիներ» եւ «մարդասպաններ» է անվանել եւ նվաստացուցիչ արտահայտություններ արել 1915 թ-ի իրադարձություններում տուժած ժողովուրդների հասցեին: Այդ նա է, որ թաքնվելով դիվանագիտական անձնագրի տակ, հայտարարել էր, թե կգնա Շվեյցարիա եւ կհայտարարի, թե «Հայոց ցեղասպանություն չի եղել, դե եկեք եւ ձերբակալեք ինձ»` արհամարհելով շվեդական օրենքը, որով արգելվում է Հայոց ցեղասպանության ժխտումը: Բաղըշն այլեւս հասել է բացահայտ անհավասարակշիռ հոգեկան վիճակի եւ չի կարող զբաղեցնել Եվրամիության հետ բանակցություններում Թուրքիայի գլխավոր բանագնացի պաշտոնը: Եթե Թուրքիայի Հանրապետության կառավարությունն ու վարչապետ Էրդողանը բարի կամք ցուցադրելու նպատակ ունեն, ապա նախարար Բաղըշի անհավասարակշիռ վարքի եւ բարոյականությունից զուրկ արտահայտությունների համար անհապաղ պետք է ազատեն նրան զբաղեցրած պաշտոնից», -ասվում է հայտարարությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում