Տարածաշրջանային

Օջալանը հայտարարել է Թուրքական պետության հետ քրդական խնդրի շուրջ համաձայնության գալու մասին

3 րոպեի ընթերցում

Օջալանը հայտարարել է Թուրքական պետության հետ քրդական խնդրի շուրջ համաձայնության գալու մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ շաբաթ օրը Իմրալի բանտում խորհրդարանական քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության (BDP) պատգամավորների հետ հանդիպած «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հայտարարել է, որ քրդական խնդրի լուծման հետ կապված շուրջ 5 ամիս շարունակվող բանակցությունների արդյունքում ինքն արդեն համաձայնության է եկել թուրքական պետության հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Վաթան» թերթը, PKK-ի առաջնորդն իր հետ հանդիպման եկած քրդական կուսակցության պատգամավորներին ասել է. «Ես պետական պատվիրակության միջոցով պատրաստվում եմ օրերս երեք նամակ ուղարկել BDP-ին, Եվրոպա եւ Կանդիլ: Դրանք ձեր միջոցով չեմ փոխանցում, որովհետեւ ցանկանում եմ, որ դա ձեզ փոխանցեն թուրքական պետական շրջանակները: Նամակներում նշված են այն միջնորդ կառույցները, որոնց հետ ես համաձայնության եմ եկել քրդական խնդրի շուրջ»:

Օջալանը քուրդ պատգամավորներին ասել է, որ թուրքական պետության եւ իր միջեւ բանակցությունները խոչընդոտել ցանկացող ուժեր կան, որոնց նա «թշնամիներ» է անվանել: «Պետությունը խնդրի լուծումներ է որոնում, բայց այդ որոնումները խոչընդոտել ցանկացող այլ պետական խառնակչախումբ էլ է առկա: Փարիզում երեք քուրդ քաղաքական գործիչների սպանությունը, Սինոպում քուրդ գործիչների նկատմամբ լինչի դատաստանի փորձը վկայում են, որ խնդրի լուծմանը դեմ մարգինալ խմբերը սադրանքներ են իրագործում` փորձելով տապալել գործընթացը: Չեմ կարծում, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կվախենա այդ սադրանքներից եւ հետ կկանգնի գործընթացից, քանի որ այն այլեւս գտնվում է միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների հարկադրանքի տակ», -ասել է Օջալանը:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ եթե PKK-ի ղեկավարության եւ թուրքական պետության միջեւ բանակցություններն ինչ-ինչ պատճառներով չդադարեն, ապա հնարավոր է` Օջալանը մարտի 21-ին կոչ անի PKK-ի զինյալներին դադարեցնել զինված պայքարը:

Թուրքաբնակ քրդերի` 1980-ականներից սկսված ազատագրական պայքարը Թուրքիայում արդեն 40 հազարից ավելի մարդկանց կյանք է խլել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում