Հայաստանում գործարար սիրիահայերի համար կազմակերպված դասընթացին համար գրանցվել է 100-ից ավելի մարդ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բնակություն հաստատած «Հաջող սկիզբ» դասընթացին մասնակցած 35 սիրիահայեր գործարարությամբ զբաղվելու համար կօգտվեն արտոնյալ պայմաններով վարկերից: Այս մասին նշեցՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:Նա նշեց, որ սիրիահայ երիտասարդները դասընթացի միջոցով ստանում են համապատասխան կրթություն: «Այս կարճ ժամանակամիջոցում երիտասարդներն ունեցան իրենց բիզնես ծրագրերը, որոնց մենք կաջակցենք: Պետությունը միշտ ձեր կողքին է»,- ասաց նա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով` պետությունը պետք է հնարավորին չափ աջակցություն ցուցաբերի սիրիահայերին, որպեսզի նրանք Հայաստանում տնտեսական հաջող գործունեություն իրականացնեն: «Ես համոզված եմ, որ դուք կկարողանաք Հայաստանում գտնել ոչ միայն ձեր ապրուստի եւ կյանքի համար անհրաժեշտ պայմանները, այլեւ ունենալ ձեր մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում»,- ասաց Դավթյանը:
Դասընթացին մասնակցող սիրիահայ Հարությունը պետության տված գումարը կօգտագործի ավտոտեխսպասարկման կենտրոնի համար գործիքներ ձեռք բերելու նպատակով: «Դասընթացները շատ լավ անցան: Մենք արդեն ծանոթ ենք Հայաստանի հարկային դաշտին»,- ասաց նա:
ՓՄՁ կենտրոնում հատուկ սիրիահայերի համար կազմակերպված դասընթացին մասնակցելու համար գրանցվել են 100-ից ավելի սիրիահայեր:Դասընթացն անցկացվելու է մի քանի փուլերով: Դասընթացի կազմակերպման նպատակը սեփական գործ հիմնել ցանկացող սիրիահայերին հայաստանյան քաղաքականության եւ բիզնես գործունեության ծավալման նրբություններին ծանոթացնելն է: