3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից Վրաստան եւ Ռուսաստան արտահանվող մարմարի, տրավերտինի, կրաքարային տուֆի եւ այլ կրաքարերի արտահանումը 2012 թվականին 2011-ի համեմատ աճել է համապատասխանաբար 89 եւ 268 տոկոսներով: Այդ մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից: 2012-ին Վրաստան է արտահանվել 1761,7 տոննա նշված տեսակների շինարարական քար, իսկ Ռուսաստան՝ 505 տոննա: ՌԴ արտահանվող գրանիտի, ծիրանաքարի, բազալտի եւ ավազաքարի ծավալերն ավելացել են 16 տոկոսով՝ հասնելով 5045 տոննայի:
ԵՊՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թորոս Թորոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ շինանյութի արտադրությունը Հայաստանի տնտեսության կարեւոր ռեսուրսներից մեկն է: «Հայաստանի ռեսուրսային կարողությունները հնարավորություն են տալիս շինանյութերի արտահանումն ավելացնել: Մենք առանձնապես ռեսուրսային կարողություններ չունենք, որը պահանջված է աշխարհում: Շինանյութի արտահանումը մեզ համար կարեւորագույն ոլորտներից մեկն է»,- ասաց Թորոսյանը: Ամբիոնի վարիչը դեպի Ռուսաստան արտահանված շինանյութերի ծավալի աճը բացատրեց այն հիմնավորմամբ, որ Ռուսաստանում մեծաթիվ հայազգի շինարարների առկայության պարագայում հնարավոր համարեց նրանց կողմից Հայաստանից շինանյութերի ձեռքբերման հարցում որոշակի աջակցության տրամադրումը: «Նրանք հայեր են, գիտեն` մենք ինչ ունենք, ու այդ գործոնը հավանաբար որոշ չափով ազդում է արտահանման ծավալների աճի վրա»,- կարծիք հայտնեց Թորոսյանը: Վրաստան արտահանվող շինարարական քարերի ծավալի ավելացումը Թորոսյանն այդ երկրում շինարարական գործունեության աշխուժացմամբ բացատրեց: «Վրաստանում վերջին տարիներին շինարարական գործունեությունն ակտիվանում է, կապիտալ ներդրումներ են կատարվում»,- ասաց ամբիոնի վարիչը:
2012 թվականին Հայաստանից Վրաստան արտահանումը 71 միլիոն 398 հազար դոլար է կազմել, ՀՀ-ից ՌԴ արտահանումը՝ 280 միլիոն դոլար: 2012 թվականին Հայաստանի Հանրապետությունից արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 1 միլիարդ 428 միլիոն դոլար: