ԵՐԵՎԱՆ,19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանին փետրվարի 19-ին զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից, տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա շնորհավորել է Սերժ Սարգսյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, իսկ Հայաստանին և բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն:
Վլադիմիր Պուտինը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին: ՌԴ ղեկավարը, մասնավորապես, ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները վկայում են բնակչության շրջանում Սերժ Սարգսյանի ունեցած բարձր հեղինակության, նրա ղեկավարման շրջանում իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերին եւ որդեգրած քաղաքականությանը մեծ աջակցության մասին:
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, տարեցտարի ամրապնդվող և խորացող երկկողմ հարաբերությունները կշարունակեն նույն ոգով զարգանալ՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների: