Տարածաշրջանային

Ադրբեջանում այժմ էլ քննարկում են Ալեքսանդր Շիրվանզադեին ժողովրդական գրողի կոչումից զրկելու հարցը

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանում այժմ էլ քննարկում են Ալեքսանդր Շիրվանզադեին ժողովրդական գրողի կոչումից զրկելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հայկական ջարդերի մասին «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիին բոլոր պետական պարգեւներից եւ կոչումներից զրկելուց հետո օրակարգում հայտնվել է Ադրբեջանի պատմության մեջ առաջինը «Ժողովրդական գրող» պատվավոր կոչմանն արժանացած հայկական գրականության դասական Ալեքսանդր Շիրվանզադեին այդ կոչումից զրկելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմաբ` aznews.az լրատվական կայքը փորձել է այդ հարցի վերաբերյալ պարզել ադրբեջանական մտավորականության կարծիքը: Այսպես` բանաստեղծ Իլյաս Թափդըղը հարցի հետ կապված ասել է, թե «հին հարցերը չարժե քրքրել»: «Ալեքսանդր Շիրվանզադեն Ադրբեջանում մոռացված է, եւ պետք չէ նրան վերհիշել: Շիրվանզադեի «Նամուս» ստեղծագործությունը երկար տարիներ ներկայացվել է ադրբեջանական բեմերում: Նա մեզանից առաջ է ապրել: Չարժե այժմ նորոգել այդ թեման», -ասել է նա:

Իր հերթին բանաստեղծ Մուսա Յագուբն էլ նշել է, որ «նախ պետք է հիմնավորել, թե ինչի հիման վրա պետք է հետ վերցնել այդ պատվավոր կոչումն Ալեքսանդր Շիրվանզադեից»: «Նա ազգությամբ հայ է: Պետք է հիմնավորել, թե Ադրբեջանի առաջին ժողովրդական գրողից ինչու եւ ինչի համար է հետ վերցվում այդ կոչումը: Եթե դրան մնա, Գրիգորյանին էլ է ժողովրդական բանաստեղծի կոչում շնորհվել: Եկեք այդ հարցերը չփորփրենք», -խորհուրդ է տվել Յագուբը:

«Քարե երազներ» վեպում Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանորեն նկարագրել է Ադրբեջանում անցյալ դարասկզբին Նախիջեւանում` Ագուլիսում եւ 1988-1990 թթ-երին Սումգայիթում եւ Բաքվում իրագործված հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագությունները: Վեպը անցյալ դեկտեմբերին հրապարակվել է ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում:

Վեպի հրապարակումից երկու ամիս անց Ադրբեջանի իշխանությունները Այլիսլիի դեմ զանգվածային ժողովրդական հիսթերիա են հրահրել: Իշխանամետ երիտասարդությունը Այլիսլիի տան առաջ այրել է վրան խաչ նկարված նրա լուսանկարները եւ «թշնամի», «դավաճան» վանկարկել: Խորհրդարանի պատգամավորները պահանջել են այրել նրա բոլոր գրքերը, զրկել քաղաքացիությունից, բոլոր պետական պարգեւներից եւ արտաքսել Ադրբեջանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Աքրամ Այլիլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից, նախագահական թոշակից եւ ամառանոցից զրկելու մասին: Աշխատանքից հեռացվել են նրա կինն ու որդին: «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թեւի անդամներին 10 հազար մանաթի պարգեւի դիմաց հանձնարարել է կտրել Այլիսլիի ականջը:

Միայն ԶԼՄ-ների միջամտությունից հետո է քաղաքական գործիչը Ադրբեջանի ՆԳՆ կողմից «զգուշացվել» նման կոչերի անօրիանական լինելու մասին:

ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը եւ Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանում Այլիսլիի հալածանքները եւ իշխանություններին կոչ արել կատարել նրա անվտանգությունն ապահովելու իրենց պարտավորությունները:

Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում