Տարածաշրջանային

Ադրբեջանի պետական կառույցներում պարտադրում են «like»-ել Ալիեւի էջը եւ ապացուցել, որ «like»-ել են

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի պետական կառույցներում պարտադրում են «like»-ել Ալիեւի էջը եւ ապացուցել, որ «like»-ել են

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Իլհամ Ալիեւին երրորդ անգամ նախագահ դարձնելու նպատակով «Հավանիր Իլհամ Ալիեւին» նորաձեւ արշավի հարկադիր մեթոդ են հնարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության պատասխանատու մի աշխատակից «Ազադլիգ»-ին հայտնել է, որ նախարարության աշխատակիցներին հարկադրում են «like» (հավանեցի) տալ facebook-ում Իլհամ Ալիեւի անձնական էջին:

Իլհամ Ալիեւին «like»-ած յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է այդ մասին զեկուցել նախարարության ներքին վերահսկողության բաժին, որտեղ նշում են կատարում ընդհանուր ցուցակում նրա անվան առաջ: Որպես ապացույց` նախարարության աշխատակիցն այդ բաժնում պետք է բացի իր էջը եւ ցույց տա, որ «like»-ն արված է:

Աղբյուրը հայտնել է, որ «like»-մեքենայության արշավն անցկացվում է բոլոր պետական կառույցներում: «Մեզ ասացին, որ դա «վերեւներից» եկող հանձնարարություն է: Նպատակը պարզ է. ամեն բան հաշվարկված է ընտրությունները կեղծելու համար: Այսինքն` այն բանից հետո, երբ քվեարկության արդյունքները կեղծված կլինեն, կսկսվի «like»-երի արշավը, եւ միջազգային կազմակերպություններին կապացուցեն, որ նախագահն աջակցություն է ունեցել անգամ facebook-ում», -նշել է աղբյուրը:

Թերթը հիշեցնում է, որ իշխանության` նման վարչահրամայական ճանապարհով միջամտությունն ինտերնետում առաջին դեպքը չէ: Վերջերս «facebook»-ում նախագահի թեկնածուների հեղինակության շուրջ անցկացված քվեարկության ժամանակ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության անդամները բացահայտել էին, որ Ալի Քարիմլիին պարտված Իլհամ Ալիեւի համակիրների քվեները շաբաթ եւ կիրակի օրերին զգալիորեն նվազում են, իսկ աշխատանքային օրերին` աճում: Շատ չանցած պարզվել էր, որ աշխատավայրերում, կրթական հաստատություններում ղեկավարությունը հարկադիր կերպով ստիպում է «ձայն» տալ գործող նախագահ Իլհամ Ալիեւի օգտին: «Այսպիսով` Ադրբեջանում ռեժիմի ճնշման տակ են մնացել նաեւ facebook-ի օգտատերերը, -նշում է թերթը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում