Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբն այսուհետեւ կաշխատի բարձրակարգ երաժշտական գործիքներով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկնվագախումբը համալրվել է նոր երաժշտական գործիքներով, որոնց ձեռքբերմանն աջակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 5-ին հրավիրված ասուլիսում նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը նշեց, որ նվագախմբի նոր գործիքները շատ բարձրակարգ են: «Ինձ երկրի նախագահն էր խոսք տվել եւ իրականացրեց իր խոստումը, փուլ առ փուլ այդ գործիքները գալիս են: Չորս շեփոր, հինգ սաքսոֆոն, չորս տրոմբոն, հարվածային գործիքներ, բաս կիթառներ, կիթառներ, դաշնամուր, բարձրախոսներ, այն ինչ մեզ այսօր պետք էր: Երաժիշտները ոգեւորված են նրանով, որ նոր գործիքներ են ստանում»,- ասաց Երզնկյանը: Գեղարվեստական ղեկավարը նշեց նաեւ, որ նվագախմբի երգացանկում այժմ ստեղծագործական երեք ուղղություններ են:

«Առաջին ուղղությունը ջազն է, որը «օրենքով» մեր նվագախմբի համար ամենակարեւոր ուղղությունը չէ, սակայն նվագախմբային ջազային երաժշտությունը տալիս է բարձր որակ: Մյուս ճյուղը հայկական էստրադային երաժշտության դասական ստեղծագործություններն են, որոնք եղել են եւ շարունակում են մնալ երգացանկում: Իսկ երրորդ ուղղությունը`տարբեր տարիների համաշխարհային հիթերն են»,- ներկայացնում է նվագախմբի ղեկավարը: Շուրջ 26 տարի ղեկավարելով նվագախումբը` Երվանդ Երզնկյանը հանդիպել է մի շարք դժվարությունների, որոնք հաղթահարելի էին եւ են`շնորհիվ նվագախմբի անդամների եւ իր երաժշտության հանդեպ ունեցած մեծ սիրո:

«Նվագախումը աշխատում է մի փորձասենյակում, որն ունի ջեռուցման խնդիր, քանի որ շուրջ 30 տարի վերանորոգման աշխատանքներ չեն իրականացել, սակայն ոչ մի օր իր գործունեությունը չի կանգնում` անկախ ցրտից»,- ասաց երաժիշտը` շեշտելով, որ իրենց մեծապես օգնում է նվագախմբում` Մարտին Վարդազարյանի նման լավ մասնագետի գոյությունը:

«Մեր միջեւ ոչ մի օր չի եղել ոչ մի խոսակցություն, նա շատ լավ մասնագետ է եւ լավ ընկեր: Հաճախ ինքն է ինձ հանգստացնում, երբ բարկանում եմ: Միշտ էլ այդպես է` մեկը բարի է, մյուսը պետք է «բոբո» լինի»,- կես կատակ կես լուրջ ասաց Երզնկյանը: Նա նվագախմբի անդամներին ռոմանտիկներ եւ բարձրակարգ երաժշիտներ է բնորոշում, որոնք աշխատում են ընդամենը 32 000 դրամ աշխատավարձով:

«Շատ դժվար է, հաճախ ես եմ կողքից համերգներ կազմակեպում` հավելյալ գումարներ հայթայթելու եւ նվագախմբի բաժանելու համար: Մութ ու ցուտր տարիներին, Նոր Նորքում ապրողները ոտքով էին գալիս աշխատանքի, որովհետեւ երաժիշտն առանց նվագելու չի կարող»,- նկատեց ՀՀ վաստակավոր արտիստը: Նա նշեց, որ անկախ ամեն ինչից` նվագախումբը գնում է առաջ`շարունակելով իր ստեղծագործական բուռն գործունեությունը:

«Սիրում եմ իմ երաժիշտներին, հասկանում ենք, որ գալու են լավ ժամանակները, որ մենք պետք է չկորցնենք այս ժանրը, քանի որ եթե չիմանանք, թե որտեղից ենք գալիս, ապա երիտասարդները կարող են երաժշտական կողմնորոշումը կորցնել»,- նկատեց Երզնկյանը`միաժամանակ ընդգծելով, որ ստացված գումարի չափը կարեւոր չէ, այլ կարեւորը գաղափարն է, որի շուրջ համախմբվում են մարդիկ:

Երվանդ Երզնկյանը բարձրարժեք երաժշտություն մատուցելու եւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար հենց ասուլիսի ընթացքում «Իրավունք» թերթի կողմից արժանացավ «2012 թվականի մշակույթի բնագավառում լավագույն գործիչ» տիտղոսին:

«Չեի սպասում, չգիտեի, որ թերթը նման կոչում է տալիս, սակայն ես ինձ լավ եմ զգում եւ գուցե իմ մասին այսքան բարձր կարծիքի չեմ: Շատ շնաորհակալ եմ եւ զգացված, ստիպված եմ ավելի լավ աշխատել 2013 թվականին»,- կատակեց ՀՀ վաստակավոր արտիստը:

Իր իսկ բնորոշմամբ «քաղաքականության հետ սերտ կապեր չունեցող մարդ, սակայն ակտիվ քաղաքացի» Երզնկյանը, անդրադառնալով նախընտրական Հայաստանին, նշեց, որ միակ թեկնածուն, ով կարող է Հայաստանում երեւէ դրական քայլ կատարել` գործող նախագահ Սերժ Սարգսյանն է:

Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբն այժմ ունի 35 անդամ:

Հայերեն Русский

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN

Ընդդիմադիր դաշտում համագործակցության շուրջ առողջ քննարկումներ են ընթանում․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ նիստերին չմասնակցելն ընդդիմության որդեգրած մարտավարությունն է․ Քրիստինե Վարդանյան

Բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս Ղազարյան

Հայաստանը՝ պաշտպանական նորարարության և արհեստական բանականության հանգույց. ԲՏԱ նախարարի ելույթը Փարիզում

Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ

ՔՊ-ում վստահեցնում են՝ նոր Սահմանադրության օրակարգից չեն շեղվելու

ՔՊ-ում անհիմն են համարում ընտրությունների արդյունքներից դժգոհ լինելու մասին լուրերը

Արթուր Հովհաննիսյանը կարծում է՝ ընդդիմությունը փողոցային պայքարի ներուժ չունի

Թմրանյութեր տեղափոխող նավին ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել