Տարածաշրջանային

Թուրք գրողները խոսել են թուրքերի դեմ` հօգուտ հայերի եւ Ցեղասպանության ճանաչման

2 րոպեի ընթերցում

Թուրք գրողները խոսել են թուրքերի դեմ` հօգուտ հայերի եւ Ցեղասպանության ճանաչման

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում քաղաքացիական հասարակական բազմաթիվ կազմակերպությունների անցկացրած` «Հրանտի բարեկամները խոսում են 1915 թ-ի մասին` նրա թողած տեղից» թեմայով խորհրդաժողովում ունեցած ելույթում թուրք գրող, սոցիոլոգ Իսմայիլ Բեշիքչին հայտարարել է, որ «հայերն ու քրդերն այս աշխարհագրության բնիկ ժողովուրդներն են»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ilkehaber.com լրատվական կայքը:

«Այս հողերի օտար ժողովուրդը թուրքերն են: Հայերն ու քրդերն այս աշխարհագրության բնիկ ժողովուրդներն են: Թուրքերը ցեղասպանել են հայերին, հույներին աքսորել, արդունաբերության ազգայնացման անվան տակ, քրդերին էլ տալով հայերից մնացած ապրանքները, ասել են` «Դուք թուրք եք»«, -հայտարարել է նա:

Բեշիքչիից հետո ելույթ ունեցած Հրանտ Գասպարյանը, նշելով, որ Թուրքիայում իշխանություններն այն ըմբռնումն են ստեղծել, թե պետությունը պատկանում է միայն թուրքերին, ասել է. «Այն մարդիկ, ովքեր քաջություն են ունենում ասել, որ այս պետությունը միայն թուրքերին չի պատկանում, լռեցվում են` սպանվելով Հրանտ Դինքի նման: Թուրքիայում համակարգված կերպով ճնշում են փոքրամասնություններին եւ ոչ թուրքերին: Թուրքերը բռնազավթել են հայերի եւ հույների ունեցվածքը»:

Հանդիպման բացման խոսքում Սիբել Օզբուրունն ասել է, որ «հայերի նկատմամբ ցեղասպանության եւ կոտորածների մտածելակերպը Թուրքիայում շարունակվում է, ինչի ցուցադրությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում փետրվարի 26-ի բողոքի ցույցի ժամանակ հակահայկական դրսեւորումներն էին»:

Գրող Ֆիքրեթ Բաշքայան, նշելով, որ կոտորածների հիմնական նպատակն ազգային պետության ըմբռնումն է եղել, ասել է, որ Թուրքիայում պաշտոնական պատմությունը միտումնավոր աղավաղվել է:

Ակադեմիկոս Բասքըն Օրանն էլ հայտարարել է. «Թուրքերին եւ հայերին լավ ճանաչող Հրանտ Դինքն ախտորոշել է թուրքերի պարանոյան եւ հայերի տրավման: Երրորդ կողմ չդարձած Հրանտը հավատում էր, որ այս հարցը պետք է լուծեն երկու կողմերը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում