Քաղաքականություն

Լոս Անջելեսի ստամբուլահայերը կնշեն Հրանտ Դինքի նահատակության 6-րդ տարելիցը

2 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսի ստամբուլահայերը  կնշեն Հրանտ Դինքի նահատակության 6-րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում գործողստամբուլահայերի կազմակերպությունը հայազգի սպանված լրագրող, «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի նահատակության 6-րդ տարելիցը կնշի հունվարի 13-ին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Լոս Անջելեսի Պոլսահայ միության գրասենյակի պաշտոնական կայք էջը:

Ոգեկոչման արարողությունը կզուգակցվի «The Armenian Weekly» պարբերականի խմբագիր Խաչիկ Մուրադյանի կողմից «Թուրքիայի ծպտված հայերը» դասախոսությամբ: Դասախոսությունը կանցկացվի ստամբուլահայերի կազմակերպության «Գրիգոր և Ավետ Քյուրքչուօղլու» դահլիճում տեղական ժամանակով ժամը 18.00-ին:

Արարողության բացման ժամանակ ելույթով հանդես կգան Պոլսահայ միության մշակութային հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ավետիքյանը եւ «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Ապո Բողիգյանը: Կլինեն նաև այլ ելույթներ: Կքննարկվի նաեւ Հրանտ Դինքի անվան հիմնադրամի հետագա գործունեության հարցը:

Մուտքն ազատ է հանրության համար: Տեղեկատվության տրամադրման հարցերով զբաղվում է Հովհաննես Ավետիքյանը:

Ստամբուլահայ հայտնի հասարակական գործիչ, լրագրող, հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին իր գլխավորած «Ակոս» թերթի խմբագրության մոտ:

Նրա դեմ բացահայտ հետապնդումներն սկսվել են այն բանից հետո, երբ նա գրեց, թե Աթաթուրքի որդեգրած աղջիկը Ցեղասպանությունից փրկված հայուհի է եղել, ով հանդիսանում է նաեւ Թուրքիայի առաջին կին օդաչուն: Այնուհետ թուրքական Hurriyet-ը եւ մի քանի այլ թերթեր Դինքին սկեցին գլխավոր էջերում որակել որպես դավաճան` հող նախապատրաստելով նրա սպանության համար:

«Ռոյթերս»-ին տված հարցազրույցում Դինքն ասում էր. «Այո, 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն է, քանի որ 4 հազար տարի այս հողերում ապրած մի ժողովուրդ եւ նրա քաղաքակրթությունն արդեն չկա»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում