Գաբրիել Սարգսյանն անցնող տարին ամենահաջողներից է համարում, բայց գալիք տարուց էլ սպասելիքներ ունի
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային շախմատի «մեծ բեմում» իր հաստատուն տեղն ունի շախմատի հայկական դպրոցը: Իսկ շախմատային մեր հավաքականի կազմում իր ֆենոմենալ խաղով միշտ էլ տարբերվել եւ տարբերվում է շախմատի Օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը: «Արմենպրես»-ը Եվրոպայի նորընծա փոխչեմպիոնի հետ ամփոփում է տարին:
-Ինչպիսի՞ն էր անցնող տարին Ձեզ համարև ի՞նչ սպասելիքներ ունեք գալիք տարուց:
-Տարին ինձ համար շատ հաջող էր: Իմ կարիերայի ամենահաջող տարիներից մեկն էր: Տարվա ընթացքում երկու անհատական մրցաշարերում հաղթեցի, ինչպես նաեւ` հաղթեցինք Օլիմպիադայում, իսկ արդեն տարեվերջին Եվրոպայի առաջնությունում դարձա փոխչեմպիոն: Մրցանակների առումով կարելի է ասել ամենահաջողակ տարին էր: Գալիք տարուց լավ սպասելիքներ ունեմ: Սակայն դժվարանում եմ ասել, թե շախմատային առումով այս տարվա նման հաջող տարի կլինի: Սովորաբար այնպես չի լինում, որ ամեն տարին հաջող լինի:
-Շատ նկատելի մի բան կա Ձեզ մոտ. դուք հրաշալի եք խաղում թիմային խաղերում, Ձեր անհատական արդյուքները կարծես զիջում են թիմայինին: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Իրականում այդքան էլ մեծ չէ տարբերությունը, բայց թիմային խաղերում մեր հավաքականի անդամներից իմ եւ Հակոբյան Վլադիմիրի մոտ մեծ է տարբերությունը` թիմային արդյուքներն ավելի բարձր են: Այս ամենը կախված է հիմնականում տրամադրվելուց: Երբ երկիր ես ներկայացնում հասկանում ես, թե ինչքան կարեւոր է: Առավել եւս, երբ մեզ մոտ շախմատը շատ է կարեւորվում` թե ժողովրդի եւ թե իշխանությունների կողմից: Այդ առումով մենք էլ ենք զգում, որ պատավոր ենք լավ խաղալ, իհարկե, միշտ չէ, որ լավ խաղ է ստացվում: Գուցե անհատական խաղում ինչ-որ տեղ կարող ենք մեզ թույլ տալ թերություններ, բայց թիմային խաղում այդպես չի լինում, եւ հիմնականում դա է պատճառը:
-Մինչեւ 14 տարեկանների աշխարհի, մինչեւ 16 տարեկանների` Եվրոպայի, աշխարհի թիմային առաջնության, եւ Օլիմպիական եռակի չեմպիոնի մեդալներ ունեք, էլ ինչ մեդալ է պակասում:
-Իհարկե, կան մեդալներ, որոնք չունեմ, հիմնականում` անհատական խաղերի: Շատ կուզեի Եվրոպայի չեմպիոն դառնալ, նաեւ` թիմային առաջնությունում չեմ եղել Եվրոպայի չեմպիոն, սակայն համոզված եմ, որ դա շատ բան չի տա ինձ: Չեմ եղել նաեւ աշխարհի չեմպիոն (ծիծաղում է): Մեր շախմատիստներից` բացառությամբ Արոնյանի, այդքան էլ իրական չէ աշխարհի չեմպիոն դառնալը: Այդ պատճառով երազանքների գիրկն ընկնելու իմաստը չեմ տեսնում: Կցանկանային հաղթել նաեւ մի շարք միջազգային մրցաշարերում:
-Բոլորը խոսում են մեր շախմատային թիմի միասնության մասին, ո՞րն է ձեր միասնության գաղտնիքը:
-Իրականում շատ բաներից է կախված: Շատ կարեւոր է, թե այդ պահին ովքեր են խաղում թիմում: Ամեն ինչ կարող է փոխվել, երբ մի նոր խաղացող գա հավաքական: Թիմի բոլոր անդամները մոտ են եւ նվիրված իրար: Մեզ մոտ բոլորը հավասար են: Երբ մենք հաղթում ենք որեւէ մրցաշարում, ամեն ինչ բաժանվում է հավասարապես: Այդ ամենն արվում է, որպեսզի պահպանվի թիմային համերաշխ մթնոլորտը:
-Առաջին պարտիան, որ խաղացել եք Լեւոնի Արոնյանի հետ, հաղթել եք: Ի՞նչն է փոխվել այսօր:
-Փոխվել է այն, որ գուցե նորից ինձ հաջողվի հաղթել նրան, բայց հավանականությունը մեծ է, որ Լևոնը կհաղթի: Այն ժամանակ էլ ինձանից ավելի լավ էր խաղում: Լեւոնն ինձանից մեկ տարով է մեծ, իսկ դա ավելի լավ է զգացվում փոքր հասակում: Չնայած նրան, որ հաղթեցի Արոնյանին, սակայն մրցաշարում հաղթեց ինքը եւ դարձավ Հայաստանի 10 տարեկանների չեմպիոն:
-Եթե առաջարկ լինի այլ երկրում հանդես գալ, մեկ այլ դրոշի ներքո, արդյոք կհեռանաք մեր ընտրանուց:
-Այդ ամենը կապված է մի շարք խնդիրների հետ: Սակայն եթե ես գնալ ուզեի, ապա դա վաղուց արած կլինեի, առիթներ եղել են: Իրականում շատ դժվար է Հայաստանից խաղալը, քանի որ չափից ավելի շատ ժամանակ ես ծախսում ինքնաթիռով գնալու համար: Համոզված եմ, որ այն շախմատիստները, ովքեր այսօր այստեղ են, կմնան եւ հետո: Գնացողը վաղուց գնացել է:
-Հավատացել եք Ձմեռ Պապիկի գոյությանը: Եվ ունեք նրանից ստացած այնպիսի մի նվեր, որն հիշում կամ պահում եք մինչ օրս:
-Այո, փոքր տարիքում հավատում էի: Միեւնույն ժամանակ շատ սիրում եմ նմանատիպ բաներ: Դժվարանում եմ հիշել մի նվեր, որն այդքան շատ սիրել եմ, անգամ շախմատները, որոնք ստանում էի, շատ շուտ մաշվում էին:
-Ձեր Ամանորյա մաղթանքը:
-Ուզում եմ գալիք տարին լի լինի փոխադարձ վստահությամբ, հավատանք միմյանց: Մեր ժողովրդին հիմա, իսկապես, շատ է պետք վստահությունը: Թող գալիք տարում շատ չբողոքենք, չկասկածենք: Մեր մարզիչը ցանկացած ծանր իրավիճակում մեզ միշտ հիշեցնում է, որ ամենալավն է լինելու: Եթե ինչ-որ տեղ կարող է լավ լինել, թող հավատանք միայն այդ լավին:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի
Լուսանկարները` Արեւիկ Գրիգորյանի