Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը The Guardian-ի կազմած աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում է

2 րոպեի ընթերցում

 Հենրիխ Մխիթարյանը The Guardian-ի կազմած աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում է

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի կազմած`  աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակում Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել է 90-րդ հորիզոնականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ահա թե ինչ է գրել հեղինական պարբերականի լրագրող Ջոնաթան Ուիլսոնը.

«Անցած մրցաշրջանի «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստը: Այս մրցաշրջանում նա ավելի լավ է խաղում: Սովորաբար «Շախտյորի» հարձակման գծում խաղում էին բրազիլացիները, իսկ պաշտպանական գիծը վստահվում էր արևելաեվրոպացիներին, սակայն Մխիթարյանը կոտրեց այդ ավանդույթը` կազմակերպելով թիմի խաղը դաշտի կենտրոնից ու մեծ թվով գոլեր խփելով: Նախորդ մրցաշրջանում խորքից խաղալու փորձն ավելացրեց Մխիթարյանի մարտավարական գիտելիքները, և Միրչա Լուչեսկուն` «Շախտյորի» գլխավոր մարզիչը, վստահեց նրան հարձակումների եզրափակողի դերը: Մխիթարյանը 7 տարեկան էր, երբ նրա հայրը, ով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ էր, մահացավ քաղցկեղից: 23 տարեկան հասակում Մխիթարյանն արդեն համարվում է ԽՍՀՄ փլուզումից հետո հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը»:

Բրիտանական պարբերականի կազմած ցուցակում Մխիթարյանը առաջ է անցել Պաուլինյոյից («Կորինտիանս»), Դիեգո Ֆոռլանից («Ինտերնասիոնալ»), Խավի Մարտինեսից («Բավարիա»), Մարեկ Համշիկից («Նապոլի»), Պեպեից («Ռեալ», Մադրիդ), Ուեսլի Սնեյդերից («Ինտեր»), Շինջի Կագավայից («Մանչեսթեր Յունայթեդ»),Սամիր Նասրիից («Մանչեսթեր Սիթի»), Հատեմ Բեն Արֆայից(«Նյուքասլ») և Մուսա Դեմբելեից («Տոտտենհեմ»):

Մխիթարյանն Ուկրաինայի ընթացիկ առաջնության 17 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ, իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում աչքի է ընկել երկու անգամ: 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում