Կարեն Կարապետյանը բացառում է Ռոբերտ Քոչարյանի`նախագահի թեկնածու առաջադրվելը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանի դեմ մրցունակ թեկնածու լիներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀԿ 14-րդ համաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: «Ուժեղ մրցակցության դեպքում մեր թիմն ավելի կամրապնդվեր: Ես չեմ տեսնում այնպիսի տրամաչափի մարդու, ով հավասարազոր կլինի մեր թեկնածուին, իսկ այս պայմաններում քաղաքական պրոցեսները տրամաբանությունը կորցնում են: Լավ կլիներ, որ ընտրություններն ընթանային կոշտ և ամուր պայքարի, բայց ոչ անտագոնիստական հողի վրա»,- ասաց Կարապետյանը:
Հարցին`արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը չառաջադրվելով նախընտրեց սեփական շահը`Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նա նախընտրել է սեփական շահը»: Միաժամանակ, Կարապետյանը բացառեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` որպես նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը: Կարապետյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը տարիների ընթացքում միասին ճանապարհ են անցել: «Իմ երևակայությունը պարզապես չի հերիքի, որ դա պատկերացնեմ: Նրանք երկու ընկերներ են ու գործընկերներ, ղարաբաղյան պատերազմում անցել են արյան միջով»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը: