Ադրբեջանում մարդկանց առեւտուրը մտահոգիչ ծավալներ է արձանագրում. haqqin.az
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում վերջին վեց տարիների ընթացքում մարդկանց առեւտրի 484 փաստ է արձանագրվել: Ադրբեջանում մարդկանց առեւտրի դեմ պայքարի ազգային համակարգող, ներքին գործերի փոխնախարար Վիլայաթ Էյվազովը ԵԱՀԿ Բաքվի գրասենյակում անցկացված «Մարդկանց առեւտրի եւ հարկադիր աշխատանքի դեմ պայքարում համագործակցության ամրապնդումը» թեմայով միջազգային համաժողովում հայտարարել է, որ դա բավականին մեծ թիվ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը:
Նա ասել է, որ այդ փաստերից 10-ը կապված են հարկադիր աշխատանքի մեջ ներգրավելու հետ, 363 մարդիկ պատասխանատվության են ենթարկվել, վնասազերծվել են 222 խմբավորումներ, որոնցից 8-ը` կազմակերպված հանցագործության խմբավորումներ: Մարդկանց առեւտրի դեմ պայքարի արդյունքում ազատ են արձակվել 473 զոհեր, որոնք ռեաբիլիտացվել են:
Էյվազովի խոսքով` Ադրբեջանում մարդկանց առեւտրի դեմ պայքարի համար ամեն տարի միջին հաշվով 500 հազար դոլար է հատկացվում: «Այդ միջոցները ծախսվում են զոհերի ռեաբիլիտացիայի վրա: Ընթացիկ տարում պետության կողմից մեկ զոհին վճարվող գումարը կազմել է 510 դոլար», -ասել է նա:
Ամեն տարի աշխարհում 21 մլն մարդ դառնում է մարդկանց առեւտրի զոհ, 14 մլն մարդ ներգրավվում է հարկադիր աշխատանքի մեջ: