ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային մրցույթի հայաստանյան պատվիրակությունը նոյեմբերի 26-ի առավոտյան մեկնում է Ամստերդամ: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց Հանրային հեռուսսաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը, բացի մրցույթում Հայաստանը ներկայացնող Compass band-ից պատվիրակության կազմում են Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչները, ինչպես նաեւ խմբի անդամների մերձավորներն ու ընկերները:
Compass band-ի չորս անդամները` Դավիթ Պարոնիկյանը, Արշավիր Գրիգորյանը, Արամ Ծատուրյանը եւ Աբրահամ Ազնաուրյանը սովորում են Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում:
Խումբը նոյեմբերի 24-ին նշեց իր հիմնադրման 1-ամյակը: Compass band-ը մրցույթում կկատարի Sweetie Baby երգը, որը բոլոր աղջիկներին ժպտալու կոչ է, քանի որ իրենք պատրաստ են անել ամեն ինչ այդ ժպիտներն աղջիկներին պարգեւելու համար: Անգլիական «Բիթլս» խմբի ոճով նկարահանված երգի տեսահոլովակի ռեժիսորն է Հրանտ Մովսիսյանը:
Խումբն իր մեկամյա գործունեության ընթացքում հանդես է եկել բազմաթիվ համերգներով, խմբի անդամները լսում եւ նվագում են ռոքային երաժշտություն: Նախընտրում են լսել Led Zeppelin, Pink Floyd, Deep Purple, The Beatles:
Ամստերդամում անցկացված վիճակահանության համաձայն` Compass band խումբը հանդես կգա 8-րդ համարի ներքո: Մրցույթին կմասնակցեն 12 երկիր` Բելառուսը, Շվեդիան, Ադրբեջանը, Բելգիան, Ռուսաստանը, Իսրայելը, Ալբանիան, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Նիդեռլանդները: Մրցույթը կանցկացվի «Կոտրենք սառույցը» կարգախոսի ներքո:
«Մանկական Եվրատեսիլ 2012»-ի գլխավոր փորձը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, բուն մրցույթը` դեկտեմբերի 1-ին: