ԵՐԵՎԱՆ, 22ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ կցկտուր եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել` այս անգամ Ժնեւում ՄԱԿ-ի գրասենյակում նոյեմբերի 20-ինՄԱԿ-ի Կանանց խորհրդի (UNWG) կողմից կազմակերպված 40-րդ ամենամյա բարեգործական տոնավաճառի վերաբերյալ, որին մասնակցել է նաեւ ՀՀ ներկայացուցչությունը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես news.az-ը, տարածել են, թե իրենց պահանջով հայկական տաղավարից հեռացվել են Լեռնային Ղարաբաղին, մասնավորապես, Շուշիին վերաբերող քարտեզներ, տեղեկատվական նյութեր, որոնք, իբր, հակասում են Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը»:
ՄԱԿ-ի բարեգործական տոնավաճառին մասնակցող ՀՀ ներկայացուցչությունից «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեցին, որ ադրբեջանական լրատվամիջոցները ստում են: Հայկական տաղավարում իրականում ներկայացվել է Ղարաբաղի անունը պարունակող վերնագրով գիրք: Այն, սակայն, ցուցադրությունից չի հանվել` չնայած տոնավաճառի կազմակերպիչների խնդրանքին, քանի որ հայկական պատվիրակության անդամները պահանջել են պարզաբանել, թե այդ գրքի որ էջի որ տողի որ միտքն է հակասում եւ ինչին:
ՀՀ պատվիրակության անդամները նաեւ նկատում են, որ, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիները շփոթել են ՄԱԿ-ի բարեգործական տոնավաճառի վերաբերյալ այս եւ նախորդ տարվա տեղեկությունները եւ իրենց հաղորդագրության մեջ տեղադրել նաեւ Հայաստանի` անցյալ տարվա տաղավարին առնչվող տեղեկատվության մի մասը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է «Արմենպրես»-ը, հայկական տաղավարը ներկայացված էր հայկական արտադրության ապրանքատեսակներով, բազմատեսակ մշակութային հուշանվերներով, գրքերով եւ հայկական երաժշտության ձայնագրություններով:
Հայկական տաղավարը վայելում էր տոնավաճառի բազմաթիվ հաճախորդների ուշադրությունը եւ հետաքրքրությունը:
Հայկական ապրանքատեսակների վաճառքից ստացված գումարը փոխանցվել է ՄԱԿ-ի Կանանց խորհրդի հիմնադրամ` խորհրդի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի ֆինանսավորման նպատակով: