Հասան Ջեմալի` «1915. Հայերի ցեղասպանություն»-ն ազնիվ գիրք է. գերմանական Kultur ռադիոկայան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Քաջ գիրք». Գերմանիայի «Մշակույթ» ռադիոկայանն այսպես է բնորոշել թուրք գրող Հասան Ջեմալի «1915. Ermeni Soykirimi», թարգմանաբար` «1915. Հայերի ցեղասպանություն» գիրքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`գերմանական հայտնի ռադիոկայանը նոյեմբերի 13-ին մի ամբողջ ռեպորտաժ է նվիրելՀասան Ջեմալի աշխատությանը, վերջինիս դիտարկումներին Հայոց Ցեղասպանության, Հրանտ Դինքի հետ նրա ընկերության վերաբերյալ: Ռադիոլրագրողը հատուկ անդրադարձ է կատարել Հասան Ջեմալի այն խոստովանությանը, որ իր ապը եւս մասնակցել է հայերի ջարդերին:

«Հայերի ցեղասպանության թեման երկար ժամանակ տաբու էր Թուրքիայի պատմության մեջ: Այդ տաբուով է մեծացել նաեւ լրագրող Հասան Ջեմալը: Իր սեփական մոտեցումները, հարցերն ու ընկալումները Ջեմալը մեկտեղել է «1915. Հայոց ցեղասպանություն» խորագրով գրքում: Գրքի կազմի լուսանկարում կարելի է տեսնել` ինչպես է հեղինակը սպիտակ մեխակներ դնում Երեւանում Ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող կրակի մոտ»,-հաղորդում է ռադիոլրագրողը` հիշեցնելով, որ Հասան Ջեմալը հինգ տարի առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ է ժամանել Հայաստան, «այդ պատմական այցը տեղի է ունեցել երկու երկրների միջեւ ֆուտբոլային խաղի ժամանակ»:

«Ես զգում էի, որ այդպիսով իմ ներսում քանդում եմ տաբուի «պատը»: Սակայն ես հիշում էի իմ ընկեր Հրանտ Դինքի խոսքերը` «Եկեք վերջապես համախմբվենք եւ հարգենք մեր ցավը»,-գրքի հեղինակի խոսքերն է փոխանցել ռադիոկայանը: Ռեպորտաժի հեղինակն ընդգծել է Հասան Ջեմալի ընկերությունը Հրանտ Դինքի հետ եւ հիշեցրել, որ Թուրքիայում բնակվող հայազգի լրագրողը սպանվել է Ստամբուլի փողոցում «միայն այն բանի համար, որ նա հայ էր, որ պայքարում էր պատմական արդարության համար»:

«Գիրքը նվիրված է հենց Դինքին եւՀայոց Ցեղասպանության ճանաչման ցավոտ գործընթացին, որը ներառել է նաեւ հեղինակի ընտանիքը: Թուրքական զինվորական ղեկավարության կողմից Ցեղասպանության ծրագրման ու իրականացման մասին ամեն ինչ ասվել ու գրվել է, միայն թուրքական ծայրահեղ ազգայնական շրջանակներն են դեռ կասկածի տակ դնում պատմական փաստերը», -նշվում է ռադիոհաղորդման մեջ:

Լրագրողը փոխանցել է Ջեմալի հիշատակումներն այն մասին, թե ինչու էին իր ծնողներն ընտանիքում մշտապես խուսափում խոսել իր պապի` Քեմալ փաշայի եւ հատկապես նրա մահվան հանգամանքների մասին: Նա հիշեցնում է, որ Քեմալ փաշան երիտասարդ թուրք առաջնորդներից էր` հայերի ջարդերի կազմակերպիչներից մեկը, ով ավելի ուշ Թբիլիսիում սպանվել էր ցեղասպանված ժողովրդի վերապրած ժառանգներից մեկի կողմից:

Ջեմալը հաջորդ տարիներին ավելի ու ավելի հաճախ է հանդիպել հայերին` փաստորեն իր պապին սպանողների թոռներին, սակայն բոլոր այդ հանդիպումների ընթացքում նա լսել է Հայոց ցեղասպանության փաստերի մասին, որոնք էլ հենց հավաքել է իր գրքում:

Գերմանական ռադիոկայանը սա գնահատել է որպես մի ազնիվ գիրք եւ ընդգծել Հասանի նման լիբերալ թուրք մարդկանց լինելու կարեւորությունը:

«2015 թվականին հայերն աշխարհով մեկ կնշեն Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Արդյոք Թուրքիան մինչ այդ կհասցնի իր անցյալի եւ հայերի հետ խաղաղություն կնքել: Այդ գործընթացում պետք է օգնեն այնպիսի քաջ մարդիկ, ինչպիսին Հասան Ջեմալն է»,-ամփոփում է Գերմանիայի «Մշակույթ» ռադիոկայանի ռեպորտաժը գերմանացի լրագրողը` հավելելով, որ հեղինակի 230 էջանոց «1915. Հայերի ցեղասպանություն»աշխատությունը կա վաճառքում եւ արժե 11.99 եվրո:

Հայերեն English Русский