Իրաքյան Քուրդիստանը շահագրգռված է Հայաստանի հետ լայն համագործակցության հաստատումով. Մասուդ Բարզանի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ համանախագահ Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունն նոյեմբերի 8-ին Էրբիլում հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, Քուրդիստանի նախագահը ողջունել է հայկական պատվիարկության այցը Էրբիլ` նշելով, որ նման փոխայցելությունները խթան կհանդիսանան բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի զարգացման համար: Նա ընդգծել է, որ Իրաքյան Քուրդիստանը շահագրգռված է Հայաստանի հետ լայն համագործակցության հաստատումով եւ խորացումով, ինչպես նաեւ կողջունի հայկական գործարար ներկայությունը Քուրդիստանում: Մասուդ Բարզանիի խոսքով` հայ եւ քուրդ ժողովուրդների դարավար բարեկամությունը, ինչպես նաեւ Քուրդիստանում հայ համայնքի եւ Հայաստանում քրդական համայնքի առկայությունը դրա համար լավ հիմքեր են ստեղծում:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նույնպես ընդգծելով հարաբերությունների զարգացման հայկական կողմի պատրաստակամությունը: Նա տեղեկացրել է միջակառվարական հանձնաժողովի նիստի արդյունքների մասին` մասնավորապես անդրադառնալով էներգետիկ եւ նավթագազային ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածություններին: Արմեն Գեւորգյանը վստահություն է հայտնել, որ հայ-իրաքյան հարաբերություններում Քուրդիստանի հետ փոխգործակցությունը կարող է կարեւոր դերակատարում ունենալ:
Զրուցակիցները քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մասուդ Բարզանիին` հայ համայնքի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի համար: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Փոխվարչապետը խաղաղություն եւ բարօրություն է մաղթել քուրդ ժողովրդին եւ հաջողություններ` երկրի անվտանգությանն ու կայունությանն ուղղած իշխանությունների ջանքերին: