Մարդասպանին մեծարելու անբարո արշավը մեծ վնաս է հասցրել Ադրբեջանին. Կոնստանտին Զատուլին
2 րոպեի ընթերցում
![Մարդասպանին մեծարելու անբարո արշավը մեծ վնաս է հասցրել Ադրբեջանին. Կոնստանտին Զատուլին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/10/697667.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Խաբեությամբ Ադրբեջան վերադարձրած մարդասպանի մեծարման անբարո արշավը մեծ վնաս է հասցրել այդ երկրին: Այս մասին հայտարարեցԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն«Արմենպրես»-ի հետ զրույցում` անդրադառնալով ոճրագործ Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայից արտահանձնման և Ադրբեջանում ներման փաստի ազդեցությանը ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման գործընթացին: Այդ դեպքը չի կարող չանդրադառնալ նաեւ կարգավորման գործընթացի վրա:«Եթե այդ մարդն ազգային հերոսի կարգավիճակ է ստանում Ադրբեջանում, ես կարծում եմ, որ հայերն ունեն բոլոր հիմքերը չվստահելու այդ երկրի իշխանություններին և այդ պետությանը»,- ընդգծեց Զատուլինը:
Քաղաքագետն առանձնապես սպասելիքներ չունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Փարիզում հոկտեմբերի 27-ին կայանալիք հանդիպումից: «Ցավոք սրտի, ես մեծ լավատեսություն չունեմ այդ հանդիպումից: Կարող եմ ասել, որ բանակցություններն ավելի լավ են, քան դրանց բացակայությունը: Միակ դրականը, որ կարող ենք արձանագրել այն է, որ խաղաղ բանակցային գործընթացը շարունակվում է»,-ասաց Զատուլինը:
Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումըԲուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին օգոստոսի 31-ին արտահանձնելուց եւ ներում շնորհելուց հետո առաջինն է:Համանախագահները ծրագրում են հանդիպման արդյունքներով այց կատարել ԼՂ հակամարտության տարածաշրջան` «վերակենդանացնելու» հիշյալ դեպքից հետո սառեցված բանակցությունները: