Շոու բիզնես

«Օսկար»-ի ցանկում հայտնված «Եթե բոլորը..» ֆիլմի հաջողությունը սիրո եւ անկեղծության մեջ է. Նատալյա Բելյաուսկենե

6 րոպեի ընթերցում

«Օսկար»-ի ցանկում հայտնված «Եթե բոլորը..» ֆիլմի հաջողությունը սիրո եւ անկեղծության մեջ է. Նատալյա Բելյաուսկենե

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան պատերազմի եւ պարզապես մարդկային փոխհարաբերությունների մասին պատմող «Եթե բոլոր..»-ը ֆիլմը գրավեց կինոսեր հանրության ուշադրությունը` տարեսկզբին հայտնվելով մեծ էկրաններին: ՀՀ անկախության եւ Հայոց բանակի 20–ամյակին նվիրված ֆիլմն արձագանք գտավ ոչ միայն տեղական, այլեւ միջազգային մամուլում: Հոկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ «Եթե բոլորը..» ֆիլմը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության ընդլայնված ցանկում:

«Ֆիլմի գլխավոր հաջողությունն առաջին հերթին սիրո եւ անկեղծության մեջ է»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կորեայից ասաց ֆիլմի ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեն: Նրա խոսքով` դժվար է ասել, թե որքանով «Եթե բոլորը...» խաղաղության մասին պատմող ֆիլմը կարող է խթան հանդիսանալհայ- ադրբեջանական մշակութային հարաբերությունների կարգավորման գործում, բայց մի բան ակնհայտ է. «մշակույթը, իրականում, հեռու է քաղաքականությունից»:

Տարեսկզբից մինչ տարեվերջ ֆիլմն անցավ «փառատոնաշատ» ճանապարհ. սեպտեմբերի 15-ից 23-ը ֆիլմը մասնակցել է «Киношок» փառատոնին, Բուխարեստում կայացածՌումինիայի միջազգային 8-րդկինոփառատոնում դերասան, ֆիլմի համապրոդյուսեր Միքայել Պողոսյանն արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին` «Եթե բոլորը...» ֆիլմում գլխավոր հերոսի դերակատարման համար: «Եթե բոլոր..»-ի ասիական պրեմիերան տեղի է ունենալու Հարավային Կորեայում: Նոյեմբերի 1-ից -10-ը Մոսկվայում ֆիլմը կմասնակցի «Лучезарный ангел» միջազգային բարեգործական փառատոնին:

Ֆիլմի համապրոդյուսեր Միքայել Պողոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դեռ վաղ է ֆիլմի` «Օսկարի»-ին մասնակցելու վերաբերյալ կանխատեսումներ անել, քանի որ մրցանակաբաշխության ընդլայնված ցուցակում ներկայացված է հետխորհրդային տարածքի 71 աշխատանք, իսկ մրցանակի հավակնորդների կարճ ցանկը կհայտարարվի 2013 թվականի հունվարի 10-ին:«Ֆիլմն ունի համամարդկային թեմատիկա, որը պատմում է Արցախյան պատերազմի, դրա թողած հետեւանքների, մարդկանց ճակատագրերի մասին»,- ասաց Պողոսյանը:

«Եթե բոլորը..» ֆիլմի համապրոդյուսեր Թերեզա Վարժապետյանը կարծում է, որ «Օսկար» մրցանակի ընդլայնված ցանկում ներգրաված լինելն արդեն հաջողություն է եւ ուրախության առիթ:«Կարծում եմ այն նաեւ հայ կինեմատոգրաֆիայի համար արդեն իսկ հաղթանակ է»,- նշեց Վարժապետյանը: Նրա գնահատմամբ` չնայած մշակույթի ազդեցությունը քաղաքականության վրա մեծ չէ, այնուամենայնիվ, ֆիլմի թեմատիկան շատերին անտարբեր չի թողնի:«Իմ ադրբեջանցի գործընկերներից մեկը դիտել էր ֆիլմը, եւ այն իրեն դուր էր եկել, սա խոսում է այն մասին, որ առաջին հերթին մարդը մնում է մարդ` անկախ ամեն ինչից»,- հավելեց պրոդյուսերը:

Գնահատելի էր նաեւ 2012-ի հունվարի 25-ին «Նաիրի» կինոթատրոնում հատուկ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպված ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը, ինչը նոր մոտեցում էր հայ իրականության մեջ: Սա քայլ էր ֆիլմի պրոդյուսերական խմբի կողմից` ֆիլմը լուսաբանող լրատվամիջոցներին ոչ թե համառոտ հաղորդագրության միջոցով կատարված աշխատանքը ներկայացնելու, այլեւ հնարավորություն տալու դիտմանը հաջորդած մամլո ասուլիսում քննարկելու եւ կարծիքներ փոխանակելու համար:

«Եթե բոլորը...» -ում գլխավոր հերոսուհու` Սաշային մարմնավորել է ազգությամբ ռուս` Շյուկինյան համալսարանի, ինչպես նաեւ Լոնդոնում ճարտարապետի մասնագիտություն ստացող ուսանողուհի Եկատերինա Շիտովան, ում համար այս ֆիլմը դեբյուտային էր: Գլխավոր հերոսուհու հայրը` ռուս զինվոր Ալեքսանդր Մասլենկիովն է, ով զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ` պաշտպանելով իր կնոջ հայրենիքը: Քսան տարի անց նրա աղջիկը գալիս է հոր գերեզմանի վրա ծառ` «բերյոզա» տնկելու, գտնում է հոր ընկերներին, փորձում իրականացնել նրա ցանկությունը, բայց պարզվում է, որ այդ գերեզմանը մնացել է սահմանից այն կողմ: Արդյունքում` ծառի տնկման կետը որոշվում է մի չեզոք` խորհրդանշական վայրում:

«Թիմ» փրոդաքշնի եւ Ազգային կինոկենտրոնի համատեղ արտադրության արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո ստեղծված ֆիլմում հնչում է հատված երգչուհի Լիլիթ Պիպոյանի երգերից, ֆիլմիկոմպոզիտորը Վահագն Հայրապետյանն է:

«Եթե բոլորը..» «Օսկար» մրցանակաբաշխությանն առաջին հայտատու հայկական արտադրության ֆիլմը չէ, վերջին տարիներին մրցանակաբաշխության ընդլայնված ցանկում ներառվել էր նաեւ Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան»: Կինեմատոգրաֆիայի ոլորտում թվով 85-րդ մրցանակաբաշխության 24 անվանակարգերը կհրապարակվեն 2013 թվականի հունվարի 10-ին, իսկ բուն միջոցառումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Լոս Անջելեսի Hollywood and Highland Center-ում:

Պատրաստեց Տաթեւիկ Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում