Տարածաշրջանային

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը դեմ է Սիրիա ներխուժելուն

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը  դեմ է Սիրիա ներխուժելուն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հայտարարել է, որ դեմ է թուրքական զինուժի կողմից Սիրիայի տարածքում որեւէ ռազմական գործողության անցկացմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է TRT հեռուստաալիքը:

ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն` Թուրքիայի խորհրդարանում զինված ուժերին Սիրիայում անդրսահմանային ռազմական գործողութուններ անցկացնելու թույլտվություն տալ-չտալու վերաբերյալ հարցի քննարկման առնչությամբ հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը դեմ է քվեարկելու թույլտվությանը: «Սիրիայի հարցում Թուրքիան պետք է խելամիտ գործի», -ասել է նա:

Թուրքիայի մյուս ընդդիմադիր` «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) հայտարարել է, որ դեռ քննարկում են խորհրդարանի կողմից նման թույլտվության անհրաժեշտության հարցը: «Մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք` ելնելով Թուրքիայի ազգային շահերից», -լրագրողներին այդ առնչությամբ ասել է ԱՇԿ խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը:

Սիրիայի տարածքում անդրսահմանային ռազմական գործողություններ իրագործելու հարցն առաջացել է այն բանից հետո, երբ անցած գիշեր Սիրիայի` Թուրքիայի հետ սահմանակից Ռաքքա քաղաքին կից Թել Աբյադ անցակետը գրոհայիններից մաքրելու նպատակով անցկացվող գործողությունների ժամանակ` Սիրիայի անվտանգության ուժերի արձակված արկը թյուրիցամաբար ընկել է Թուրքիայի Ուրֆա նահանգի Աքչաքալա գյուղի մի տան վրա: Արկի պայթյունից զոհվել էին տանտիրուհին եւ նրա չորս զավակները, եւս 9-ը մարդ վիրավորվել էին:

Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան ալ Զաբին պաշտոնապես ցավակցություն է հայտնել զոհվածների մերձավորներին եւ թուրք ժողովրդին` հայտարարելով, որ այդ ցավալի միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: «Սիրիան հարգանք է դրսեւորում իր հարեւան երկրների ինքնիշխանության նկատմամբ: Սիրիայում ապօրինի զինված խմբավորումները երկրում անկայունություն ստեղծելուն զուգահեռ վնաս են հասցնում նաեւ տարածաշրջանին», -ասել է սիրիացի նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում