Մշակույթ

19-րդ դարի հայերեն «Հմայիլը» Մարսելից տեղափոխվեց Մատենադարան

3 րոպեի ընթերցում

19-րդ դարի հայերեն «Հմայիլը» Մարսելից տեղափոխվեց Մատենադարան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Մարսել քաղաքի մշակութային կենտրոնը Մատենադարանին նվիրաբերեց 19-րդ դարի «Հմայիլ» ձեռագիրը: Նվիրատվության արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին, Մատենադարանում.«Հմայիլ»-ի նվիրատուն Վարժուան Արթինն է` Մարսելի «Արամ» միության նախագահը: Վարուժանի հայրը` միության հիմնադիր Ժան Կարպիս Արթին էր, ով երկարամյա գործունեություն է ծավալել Մարսելի եւ Ֆրանսիայի հայ համայնքների ձեւավորման եւ զարգացմանն առնչվող պատմական փաստաթղթերի եւ վավերագրերի հավաքման գործում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի խոսքով, Վարուժանն ունի Հայոց ցեղասպանության եւ ֆրանսիահայ գաղութի ձեւավորման մասին շատ արժեքավոր փաստաթղթեր, որոնցից մեկը Մատենադարանին փոխանցված «Հմայիլն» է: Մատենադարանն առաջիկայում կընդլայնի «Արամ» միության հետ համագործակցությունը նաեւ արխիվների մշակման գործում: Թամրազյանի նշեց, որ եւ այս, եւ Մատենադարանին նվիրաբերված այլ ձեռագրերը կներկայացվեն գիտական լայն շրջանակներին` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կայանալիք գիտաժողովի ընթացքում:

«Հմայիլ»-ը զարդարում են ձեռագրերին բնորոշ մի քանի յուրահատուկ մանրանկարներ` կատարված գծանկարայի ոճով: Ցավոք, այն ամբողջական չէ, ինչի պատճառով էլ անհայտ են մնում գրչի, տեղանվան եւ մի շարք այլ կարեւոր տվյալներ: Չնայած այս ամենին` «Հմայիլ»-ի արժեքը մեծ է:

«Ժան Կարպիս Արթինը նպատակ ուներ միությունը դարձնել Հայոց ցեղասպանության ուսումնասիրման եւ հայ մշակույթի քարոզչության կենտրոն եւ տարատեսակ միջոցառումներով, հատկապես երիտասարդներին, ցույց տալ Եղեռնի հետեւանքները»,- ասաց Վարուժան Արթինը: Նրա մեծ ցանկությունն է, որ ձեռագրերի մի մասն անպայմանորեն վերադառնան Հայաստան եւ տեղակայվեն Մատենադարանում:

19-րդ դարի սկզբին ժապավենաձեւ հայերեն «հմայլը» թվագրվել է Մատենադարանի հմայլիների հավաքածուի 518 համարի ներքո: Այն հմայագրերի ժողովածու է, որը կրողին պահպանում է փորձանքներից եւ ոչ բարերար ազդեցությունից: «Հմայիլ»-ն ունի 450 սմ երկարություն եւ 6, 7 սմ լայնություն, այն գրված է նոտագրով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում