Հայաստանի ազգային արխիվը համացանցում կտեղադրի Հայոց ցեղասպանության մասին թվայնացված նյութեր
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արխիվում իրականացվող կարևորագույն աշխատանքներից են արխիվային փաստաթղթերի թվայնացումն ու էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը: Արխիվի ղեկավարությունը նախատեսում է 2013թ. համացանցում հասանելի դարձնել Հայոց ցեղասպանության մասին կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր: Թվայնացման աշխատանքների ընթացքի և ազգային արխիվի ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ:
-Ազգային արխիվի թվայնացման աշխատանքները ի՞նչ փուլում են, որքա՞ն նյութ է թվայնացվել մինչև օրս:
-2012 թվականի առաջին կիսամյակի տվյալներով թվայնացվել է 54 հազար 299 թերթ փաստաթուղթ: Ընդհանուր հաշվարկով, մինչ օրս թվայնացվել է 112 հազար 669 թերթ փաստաթուղթ: Ի դեպ, թվայնացումից հետո որոշ փաստաթղթեր, որոնք ունեն քարոզչական նշանակություն` վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, կտեղադրվեն համացանցում: 2011 թվականին ձեռք բերված թվայնացնող գերհզոր սարքերի շնորհիվ փաստաթղթերի թվայնացման գործընթացը նոր թափ առավ: Թվայնացվեցին 50 հազար 370 թերթ փաստաթուղթ: Համեմատության համար նշեմ, որ մինչև 2010 թ. թվայնացվել էր ընդամենը 8000 թերթ թղթե կրիչով փաստաթուղթ:
-Ինչպե՞ս են ընթանում ֆիլմերի և նկարների թվայնացման աշխատանքները:
-Ինչ վերաբերում է կինոֆոտոֆոնո փաստաթղթերին, ապա Ֆրանսիայից ձեռք բերված թվայնացման սարքի միջոցով մինչ օրս իրականացվել է 2 հազար 013 վավերագրական ֆիլմի թվայնացում: Հայրենական արտադրության գեղարվեստական ֆիլմերի թվայնացման գործընթացն իրականացվում է «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ կնքված պայմանագրի համաձայն, ըստ որի կթվայնացվեն 415 կինոֆիլմ: Հայաստանի ազգային արխիվը ծրագրում է թվայնացնել խորհրդային տարիների հայկական ֆիլմերը, որոնք այսօր պահպանվում են «Մոսֆիլմ» կինոստուդիայում: Այսօր արդեն կարող ենք հայտարարել, որ 1940-1982թթ. «Սովետական Հայաստան» վավերագրական կինոհանդեսի բոլոր թողարկումները թվայնացվել են: Մինչ օրս թվայնացվել է 3 հազար 742 պահպանման միավոր ֆոտո, որոնք եղել են ապակե հիմքով: Պրոցեսը խիստ աշխատատար է և պահանջում է մասնագիտական հմտություններ: Թվայնացվել են 1 519 ֆոնո փաստաթուղթ, այդ թվում` Ազգային ժողովի 1989-1997 թվականների նիստերի ձայնագրությունները: Հայաստանի ազգային արխիվն ամեն տարի համալրվում է նոր փաստաթղթերով, որով էլ պայմանավորված է փաստաթղթերի թվայնացման գործընթացի շարունակականությունը:
-Ի՞նչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել հաջորդ տարի:
-2013թ. նախատեսնվում է հաստատել արխիվի տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագիրը և սկսել դրա իրականացումը, արխիվի և տարածքային ստորաբաժանումների միջև համակարգչային ներքին ցանցի ստեղծում, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ արխիվային փաստաթղթերի ժողովածուների հրատարակում, դրանց թարգմանում օտար լեզուներով, փաստաթղթերի թվայնացման շարունակում:
-Ի՞նչ խնդիրներ են Առկա ազգային արխիվում:
-Արխիվում հրատապ լուծում պահանջվող խնդիրներից են համակարգչային տեխնիկայի թարմացումը, տարածքային ստորաբաժանումների արխիվապահոցներում օդորակման համակարգերի տեղադրում, ստորգետնյա արխիվապահոցների ջրամեկուսացման աշխատանքների իրականացում և տեխնիկական վերազինման ավարտում:
Հարցազրույցը` Հակոբ Վարդանյանի