Ֆրանսահայերը բողոքի մասշտաբային ակցիաներ կանցկացնեն Ալիեւի ժամանման դեմ
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հայկական համայնքն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Ֆրանսիա կատարելիք այցի կապակցությամբ խոշոր բողոքի ակցիաներ կկազմակերպի: Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց կանցկացվի եւ հայերն իրենց դժգոհությունը կարտահայտեն ինչպես Ադրբեջանի վարած քաղաքականության, այնպես էլ Ալիեւին Ֆրանիայում ընդունելու որոշման առնչությամբ: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի Ֆրանսիայի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, Ֆրանսիան մարդկային իրավունքների, արդարության եւ ժողովրդավարության երկիր է եւ չպետք է ոճրագործՍաֆարովի ազատ արձակումից հետո Ադրբեջանի նախագահին ընդունել Ֆրանսիայի նման երկրում:«Այս անգամ մենք մեր դժգոհությունը պետք է արատահայտենք առավել բուռն կերպով, ներկա կլինեն մեծ թվով հայորդիներ, ովքեր բոլորը միասնական կեցվածք ու դիմագիծ կորդեգրեն»,- ասաց նա` հավելելով, որ ցույցն ունի քաղաքական նշանակություն:
Ինչպես նախորդ երկու տարիներին, այսուհետ եւս հայ համայնքը Ֆրանսիայից շարունակելու է պահանջել ԼՂՀ անկախության ճանաչումը: «Այս պետք է լինի մեր դիրքորոշումը, եւ մենք, բնականաբար, չպետք է ընդունենք ու հալած յուղի նման կուլ չտանք ազերիական որեւէ ոտնձգություն, որեւէ հակահայ քարոզչություն»,- շեշտեց նա:
Ալիեւի ժամանման եւ նախատեսվող ակցիաների կապակցությամբ Ֆրանսիայի հայ կազմակերպությունների համակարգող խորհուրդըհատուկ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.«Ներման շնորհումը, որ արվել է Ադրբեջանի նախագահի կողմից այս ոճրագործին, բարբարոսության եւ հայատյացության պարզորոշ խրախուսանք է: Այդ իրադարձությունները շարունակությունն են ադրբեջանական ռեժիմի ցեղասպանական տրամաբանության, որը զինվում է ավելի ու ավելի` Լեռնային Ղարաբաղի հայության բնաջնջման նպատակով։Այս պայմաններում ընդունել Ալիեւին` նշանակում է նպաստել նրա հակահայ քաղաքականությանը։ Ալիեւը, ով արհամարհում է միջազգային իրավունքը, չպետք է ընդունվի Ելիսեյան պալատում։ Ալիեւը, ում ռեժիմը գործադրել է հայկական մշակութային ժառանգության, հատկապես` Հին Ջուղայի 4 հազար խաչքարերի ոչնչացումը, տեղ չունի Լուվրում»։
Առավել վաղ Nouvelles d`Armenie-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին` տեղի ժամանակով ժամը 17:30-ին, Մարսելի հայկական եկեղեցու մոտ կանգնեցված խաչքարի առջեւ տեղի կունենա ակցիա, որի ընթացքում ֆրանսահայությունը կդատապարտի հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստը: Ակցիայով տեղի հայությունը հստակ ուղերձներ կհղի միջազգային հանրությանը, մասնավորապես, ի լուր աշխարհի ևս մեկ անգամ կընդգծվի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը ներկայում ավելի արդիական է, քան երբեւէ, եւ հայությունը երբեք թույլ չի տա, որպեսզի որեւէ մեկը խախտի իր իրավունքները, երկրի ու ժողովրդի արժանապատվությունը: «Մարդասպան Ռամիլ Սաֆարովի հովանավորյալ Իլհամ Ալիեւն անձամբ կհատուցի նրա դատավճիռը», «Մենք չենք ընդունում, որ նման հանցավոր պետության առաջնորդին ընդունելը պատիվ է Ֆրանսիայի համար»,- կհայտարարվի բողոքի ակցիայի ժամանակ: