Գյումրիում ավագանու ընտրությունների մասնակից ուժերը շարունակում են քարոզարշավը
7 րոպեի ընթերցում

Գյումրիում շարունակվում է ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերի քարոզարշավը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս փուլում թեկնածու ուժերը նախընտրում են բակային հանդիպումները: Ինչպես իրենք են ասում՝ նմանատիպ հանդիպումներն իրենց ծրագրերը ներկայացնելու, ինչպես նաև գյումրեցիների խնդիրները հավաքագրելու միտում ունեն: Այդ հանդիպումների ընթացքում գրեթե բոլոր թեկնածուների մոտ առաջին տեղում հակառակորդներին մեղադրող կոչերն են, ապա՝ խոստումները:
«Բակային աշխատանքները շարունակվում են։ Բազում են քաղաքացիների խնդիրները, երբեմն նմանօրինակ ու շատ պարզ։ Մարդիկ ցանկանում են ունենալ բարեկեցիկ բակ, նորմալ կոյուղի և անվտանգ միջավայր իրենց երեխաների համար։ Հիմնական խնդիրները կրկնվում են՝ բակային լուսավորություն, աղբահանություն, ճանապարհների վիճակ և կոմունալ ծառայություններ։ Բնակիչներից շատերը նշեցին, որ տարիներ շարունակ իրենց բողոքները մնացել են անպատասխան։ Մենք ձգտում ենք փոխել այս իրավիճակը՝ ապահովելով բնակիչների ձայնի լսելիությունը և նրանց խնդիրների լուծման հստակ մեխանիզմները։ Շարունակում ենք հանդիպումները, լսում մարդկանց ու ներկայացնում կուսակցության թեկնածուի ծրագիրը։ Մեր Սարիկի նպատակն է խոսքերից գործի անցնելը»,-նշում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
««Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական հավաքը շատ ջերմ ու մարդաշատ էր: Ակտիվը մարտական է տրամադրված: Քաղաքապետի մեր թեկնածու Կարեն Սիմոնյանը կարողացել է համախմբել տեղի երիտասարդության շատ ակտիվ հատվածը: Փորձի և երիտասարդության համադրություն է Գյումրու մեր թիմը: Լավ մեկնարկը գործի կեսն է: Մնացածը՝ գյումրեցիների որոշելիքն է: Մենք ակնկալում ենք աջակցություն, որպեսզի կյանքի կոչենք Գյումրու զարգացման մեր ծրագրերը: «Միացիր, որ փոխենք»»,-վստահեցնում են «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից։
«Գյումրիում իշխանությունը պետք է ձևավորվի գյումրեցու քվեով, այլ ոչ թե իշխանությունը զավթելով կամ մոլորեցնող կեղծ խոստումներով»,-հանդիպումների ժամանակ նշում է «Ապրելու երկիր» կուսակցություն թեկնածու Կարեն Մալխասյանը՝ ներկայացնելով նաև իր ծրագիրը։ «Գյումրիում բնակիչների անվտանգ և ապահով տեղաշարժը կարևոր առաջնահերթություն է։ Սրա տակ ներառում ենք թե ավտոմեքենաների երթևեկը, և թե հետիոտների անվտանգությունը։ Ասֆալտապատ պողոտաներն ու փողոցները, բարեկարգ մայթերն ու հանրային տեղաշարժի վայրերը պետք է ծառայեն գյումրեցիներին քաղաքի մի մասից մյուսը գնալիս։ Առավել վտանգավոր հատվածներում տեղադրվելու են կառավարելի լուսացույցներ՝ հետիոտնային անցումների համար։ Լինելով մշակութային ինքնատիպ հուշարձաններով հագեցած բացառիկ քաղաք՝ Գյումրին չի կարող իրեն թույլ տալ այնպիսի ճոխություն, ինչպիսին է քաոսային կառուցապատումը, ճարտարապետական որևէ դիմագիծ չունեցող շենք-շինությունների աճը, պատմամշակութային ժառանգության և արժեքների ստորադասումը բիզնես շահին, ինքնատիպ քաղաքային համ ու հոտի վերացումը նոր կառուցվող շենքերի ճակատային մասերից։ Գյումրին ունենալու է երկարաժամկետ զարգացման մանրակրկիտ պլան, որը կազմվելու է գյումրեցիների հետ համատեղ՝ հաշվի առնելով հնարավոր բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները։ Սրան զուգահեռ, ներգրավելով ճարտարապետների լայն շրջանակ, կազմվելու է քաղաքի միասնական դիզայն-կոդը, որը քաղաքի սահմանված հատվածներում պարտադրելու է կառուցապատողներին հաշվի առնել քաղաքի պատմական զարգացումն ու իր ոճական տեսքը։ Քաղաքի պատմական նշանակություն ունեցող հատվածներում այլևս տձև, Գյումրու հետ որևէ առնչություն չունեցող շենք-շինություններ չեն կառուցվելու»,-նշում է Կարեն Մալխասյանը։
«Մեր ծրագրերում չկան այնպիսի խոստումներ, որոնք անիրատեսական են, հեքիաթներ են»,- ընտրողների հետ ունեցած հանդիպումների ժամանակ նշում է «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի թեկնածու Լևոն Բարսեղյանը՝ մատնանշելով, որ Գյումրիի ընտրությունը արժանապատվության ընտրություն է։
«Գյումրիում համայնքային կյանքը կկազմակերպենք այնպես, որ հայրաքաղաքում ապրելը լինի անվտանգ, մատչելի, բարեկեցիկ և հաճելի»,-նշում է «Իմ հզոր համայնք»-ի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
«Հայաստանի կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդիպումներին հիմնականում հիշեցնում է իր պաշտոնավարման տարիների արածը։ «Յուրաքանչյուր քաղաքապետի գնահատականը դա փոքր ու միջին բիզնեսի խթանումն է։ Հայաստանի բոլոր գյուղերն ու քաղաքները միասին այդքան հողհատկացում չեն արել, այդքան շինարարություն չի արվել, որքան իմ օրոք՝ 100-120 մլրդ դրամի անհատը շինարարություն է արել»,-նշում է Վարդան Ղուկասյանը՝ առաջնորդվելով «Ե՛վ հույս, և՛ հավատ, և՛ սեր» կարգախոսով։
«Առաջնահերթությունը տալու ենք փորձին, այն թեկնածուին, ով իմունիտետ է ձեռք բերել»,- նշում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։
«Գյումրու ճակատագիրը վտանգված է։ Այս կամ այն ուժերի կողմից ուզում են մասնատել Գյումրին, և այստեղ ո՞վ է տուժելու՝ գյումրեցին։ Եվ ես, որպես այլընտրանքային թեկնածու, կանգնելու եմ, պայքարելու եմ բոլոր ութ թեկնածուների դեմ, կոպիտ եմ ասում, բայց էս դեպքում այսպես է գալիս, լինելով գյումրեցիների ծոցում ծնված, մեծացած մարդ, որպես խոնարհ ծառա։ Եվ ես գիտեմ, որ գյումրեցին իր որոշումն այս անգամ ճիշտ է կատարելու և հաստատ չի սխալվելու իմ որոշման դեմ»,-ասում է «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» ընտրացուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանը՝ հավելելով, որ կգնա այն ճանապարհով, ինչ ճանապարհով գնացել է Կարեն Դեմիրճյանը։