Իսրայելի ֆուտբոլի թիմի անվտանգության համար Բաքվում աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելն Ադրբեջանին զգուշացրել է, որ Բաքվում հնարավոր է ահաբեկչություն իրագործվի Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի նկատմամբ:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական azxeber.com լրատվական կայքը, հաղորդում է, որ այս առնչությամբ Բաքվում աննախադեպ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել: Իսրայելի հավաքականի անդամներին արգելվել է դուրս գալ հյուրանոցից: Թիմին թույլատրվում է հյուրանոցից մարզադաշտ գնալ միայն հատուկ ավտոբուսով` անվտանգության մարմինների ուղեկցությամբ: Իսրայելական մամուլը հայտել է, որ իսրայելցի ֆուտբոլիստներին Բաքվի օդանավակայանում դիմավորելու ժամանակ անվտանգության մարմինները փակել են օդանավակայանի մի հատվածը եւ հսկողության տակ վերցրել ամբողջ օդանավակայանը: Հավաքականի տղաներին օդանավակայանից Բաքու տանող ավտոբուսին ուղեկցել է ոստիկանական շարասյունը եւ մեկ ուղղաթիռ:
Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ադրբեջան-Իսրայել հանդիպումն անցկացվելու է սեպտեմբերի 7-ին:
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ այս տարվա սկզբին Իսրայելի դիվանագետների եւ հրեական օբյեկտների դեմ նախապատրաստվող մի քանի ահաբեկչական ձեռնարկումներ են կանխել: