Միջազգային

Հարյուրավոր ֆրանսահայեր Փարիզում բողոքի ցույցով միջազգային հանրությունից արդարություն են պահանջել

3 րոպեի ընթերցում

Հարյուրավոր ֆրանսահայեր Փարիզում բողոքի ցույցով միջազգային հանրությունից արդարություն են պահանջել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայերն ադրբեջանցի մարդասպան Ռամիլ ՍաֆարովիՀունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնման, Ալիեւի կողմից ներման ուազատ արձակման առնչությամբ բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 6-ին հարյուրավոր ֆրանսահայեր հավաքվել են Ֆրանսիայում Հունգարիայի դեսպանատան դիմաց եւ պահանջել արդարություն` Հունգարիայից, քանի որ վերջինս կատարվածի մեջ իր մեղքի բաժինն ունի: Հավաքվածները դիմել են միջազգային հանրությանը եւ շեշտել, որ այսքան անմարդկային բան տեսնելուց հետո անհնար է լռել եւ բողոքի ձայն չբարձրացնել. վայրագությունը պետք է հանդիմանության արժանանա:

Ցուցարարները պարզել են «Մարդասպան Սաֆարովը պետք է բանտարկվի», «Արդարություն` Հունգարիայից», «Ալիեւ` կացնահարողին սատարող» գրությամբ պաստառներ:

Ֆրանսիայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Հրաչ Վարժապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ Հունգարիան ընդունել է Եվրոպական Միության անդամ երկրին անհարիր կեցվածք եւ մի քանի միլիարդ դոլարով իր ազգային արժանապատվությունն է «ցրիվ տվել»: «Բոլոր տիպի պատճառաբանությունները երկրորդական են, եւ Հունգարիան պարտավոր է Հայաստանին ու համայն հայությանն իր բացատրությունը տալ»,- շեշտեց Վարժապետյանը: Նա ուրախալի էր համարել այն հանգամանքը, որ աշխարհով մեկ` Հայաստանից մինչեւ Սփյուռք, հայությունը միասնական կեցվածք է ընդունել հարցի շուրջ: «Մեր անելիքները պետք է հետզհետե ավելի ագրեսիվ դառնան»,- կարեւորել էր նա:

Ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպային քնած ժամանակ կացնահարելուց հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրի կողմից` չնայած խոստումներին, որ ոճրագործը կշարունակի պատժի կրումը: Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Միջազգային հանրությունը Ադրբեջանի` միջազգային իրավական նորմերին հակասող քայլի դատապարտման հայտարարություններով է հանդես գալիս: Հունգարիան մեղադրել է Ադրբեջանին` խոստումը դրժելու մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում