Ռուբլին տարածաշրջանային արժույթ դառնալու լավ հնարավորություններ ունի. ՎՏԲ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինն այն կարծիքին է, որ ռուբլին տարածաշրջանային արժույթ դառնալու լավ հնարավորություններ ունի, հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Այսօր ռուբլին տարածաշրջանային արժույթ դառնալու հիանալի հնարավորություններ ունի»,- ասել է Կոստինը` սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում ելույթ ունենալով Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գործարար գագաթնաժողովում: Նրա կարծիքով` դրա համար կան մի ամբողջ շարք պատճառներ. ռուբլին ամբողջովին փոխարկելի է, այն «լողում է», ընդսմին ազգային կապիտալի կողմից ոչ մի հսկողություն չկա:
Կոստինը նշել է, որ մշտապես աճում է առեւտրում ռուսաստանյան արժույթն օգտագործելու գիտակցումը: Այդուհանդերձ նա նախազգուշացրել է այն վտանգներից, որոնց տանում է միջազգային արժույթի առկայությունը: ՎՏԲ-ի ղեկավարն օրինակ է բերել Խորհրդային Միությունը, որտեղ միասնական արժույթ է եղել, բայց պետության փլուզումից հետո քայքայվել է նաեւ բյուջեն: «Յուրաքանչյուր հանրապետություն սկսեց սեփական փողեր տպել, գնաճը կազմեց 102 եւ ավելի տոկոս: Դա լավ դաս է Եվրամիության համար»,- ասել է Կոստինը:
Այդուամենայնիվ նա հիշեցրել է, որ ներկայիս ռուբլին իրեն միանգամայն վստահ է զգում: Կոստինը հիշեցրել է, որ Մաքսային միության շրջանակներում առեւտրական գործառնությունների կեսից ավելին իրականացվում է ռուբլով, ինչը նույնպես նպաստում է ռուբլու միջազգայնացմանը: «Մենք շատ լուրջ ենք վերաբերվում ռուսաստանյան ռուբլուն, որը կարող է պահուստային արժույթ դառնալ նախկին խորհրդային հանրապետությունների համար»,- ընդգծել է ՎՏԲ-ի ղեկավարը, ընդսմին հիշեցնելով Չինաստանի հետ ռուբլով հաշվարկներ իրականացնելու պլանների մասին: