Հարավային Կորեան չորսօրյա ռազմածովային վարժանքներ է սկսել Տակեսիմա վիճելի կղզիների մերձակայքում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեացի զինվորականները առափնյա պահպանության ուժերի հետ համատեղ սեպտեմբերի 7-ին չորսօրյա ռազմածովային վարժանքներ են սկսել Տակեսիմա կղզիների (կորեերեն` Տոկտո) մերձակայքում, որոնք տարածքային վեճի առարկա են Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միջեւ:
Սեուլի հսկողության տակ գտնվող Տակեսիմա կղզիների մերձակայքում անցկացվող վարժանքներին կմասնակցեն ՀԿ-ի ազգային առափնյա պահպանության ուժերը, բանակային ստորաբաժանումները եւ երկրի ռազմաօդային ուժերը: Այս տարի այդ վարժանքներում գլխավոր դերը հատկացվում է առափնյա պահպանությանը:
Ներկայում Տոկիոն եւ Սեւուլը երկկողմ հարաբերությունների աննախադեպ ճգնաժամ են ապրում: Երկու երկրների միջեւ հակամարտությունը սրվել է օգոստոսի սկզբին, երբ Հարավային Կորեայի նախագահ Լի Մյոն Բաքն այցելեց վիճելի կղզիներ: