2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթընին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից,Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում: Հայաստանը, Նախագահի հավաստմամբ, ցանկություն ունի ավանդական և անկեղծ բարեկամի` Միացյալ Նահանգների հետ խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին Միացյալ Նահանգների կողմից մշտապես ցուցաբերվող օժանդակության համար: «Մենք վերջերս վկա եղանք անկեղծ բարեկամության և անաչառության ևս մի օրինակի, երբ ԱՄՆ Նախագահը, Պետքարտուղարությունը, խորհրդարանականները արագ, միանշանակ և համարժեք արձագանք տվեցին Ռամիլ Սաֆարովի փոխանցման և ազատ արձակման դեպքի առնչությամբ: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց և անձամբ Ձեզ այդպիսի դիրքորոշման համար: Մենք տեղյակ ենք Ձեր դիրքորոշմանը, որ արտահայտել եք Բաքվում, և կարծում եմ, որ դա շատ ճիշտ դիրքորոշում է»,-նշել է Սերժ Սարգսյանը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը և ԱՄՆ-ը ամուր գործընկերային հարաբերություններ են ծավալում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում: Երկուստեք կարևորվել են հայ-ամերիկյան տնտեսական կապերի առավել խորացման, Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների ավելացման ուղղությամբ ջանքերը:
Կոնգրեսական Դեն Բարթընի հետ հանդիպմանը Նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, ինչպես նաև այն օժանդակությունը, որն ամեն տարի տրամադրվում է Արցախի ժողովրդին: