Հայտնի են Արցախի նախագահի երդմնակալության տեղն ու ժամը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը սեպտեմբերի 6-ին գումարել է արտահերթ նստաշրջան, որը հրավիրվել է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ ու նրանց առաջարկած օրակարգով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից, նստաշրջանը վարել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Բացելով նստաշրջանը՝ ԱԺ նախագահը հայտնել է, որ Սահմանադրության պահանջով ու Հիմնական օրենքով սահմանված ժամկետում պետք է տեղի ունենա ԱԺ հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ Նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը։

Խորհրդարանի արտահերթ նստաշրջանի գումարումը պայմանավորված էր ԱԺ հատուկ նիստի անցկացման վայրը տեղափոխելու մասին հարցը քննարկելու և այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԺ նախագահի ստորագրած որոշումը հաստատելու անհրաժեշտությամբ։

Խորհրդարանը, միաձայն կողմ քվեարկելով, հաստատեց ԱԺ առաջարկած որոշումը, որում, հիմք ընդունելով ԼՂՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի և «ԱԺ կանոնակարգ» օրենքի 4-րդ հոդվածի պահանջները, սահմանվում է ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստը՝ նվիրված ԼՂՀ Նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը, գումարել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում (ք. Ստեփանակերտ, Թումանյան-63) 2012թ-ին սեպտեմբերի 7-ին`ժամը 17.00-ին։

Այդպիսով, ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտեց աշխատանքը։

Հայերեն