2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում շուրջ 775 մլն մարդ գրել ու կարդալ չգիտի: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները ներկայացված են ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ)՝ սեպտեմբերի 6-ին Բոննում տարածված հայտարարության մեջ:
Ըստ նրա տվյալների՝ անգրագետների գրեթե երկու երրորդը կանայք ու աղջիկներ են: Նրանց մեծ մասն ապրում Է Հարավային եւ Արեւելյան Ասիայում, ինչպես նաեւ Աֆրիկայում: Աշխարհում մոտավորապես 122 մլն դեռահասներ գրելու եւ կարդալու ոչ մի հմտություն չունեն:
«Կառավարություններն ամենուրեք չափազանց քիչ միջոցներ են հատկացնում գրագիտությանը, չնայած այն բանին, որ կրթությունը մարդու հիմնական իրավունքներից մեկն Է»,-նշել Է Գերմանիայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ռոլանդ Բեռնեկերը:
«Զինված հակամարտությունները մեծ թվով անգրագետների առկայության պատճառներից մեկն են»,-նշում Է ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Պատերազմներն «ստիպում են մեծ գումարներ ծախսել պաշտպանական կարիքների համար փոխանակ դրանք օգտագործելու կրթության նպատակներով», «հակամարտությունները նվազեցնում են տնտեսական աճը, հանգեցնում աղքատության տարածման եւ ավերում ենթակառուցվածքը»,-հավելում Է կազմակերպությունը: