«ԱՍԱԼԱ»-ի անունից տարածված հայտարարությունն ակնհայտ կեղծիք է. Տիգրան Բալայան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՍԱԼԱ» կազմակերպության անունից ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հայտարարությունն ակնհայտ կեղծիք է: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` «Արմենպրես»-ին մեկնաբանելով ադրբեջանա-թուրքական լրատվամիջոցներում տարածված, այսպես կոչված, նամակ-ուղերձը` գրված «ԱՍԱԼԱ»-ի անունից: «Կեղծիքի մասին վկայում է միայն այն փաստը, որ այնտեղ Հայոց ցեղասպանության զոհերի թիվը խեղաթյուրված է, որեւիցե հայ նման բան չէր կարող ասել»,-հայտարարեց Տիգրան Բալայանը:
Նամակ-ուղերձում, որը լի է պատմական և փաստական խեղաթյուրումներով, ու արտացոլում է պատմության` թուրք-ադրբեջանական վարկածը, իբր,սեպտեմբերի 3-ին ուղարկվել է Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատուն, եւ դրանումնշվել է, թե հայերի հիշողություններում թարմ է 600 հազար հայի կյանք խլած Հայոց ցեղասպանության ցավը:
Իրականում, 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված մարդկության պատմության ամենասարսափելի ոճիրներից մեկին` Հայոց ցեղասպանությանը զոհ են գնացել ավելի քան 1,5 միլիոն հայեր: