Ֆրանսիայի կրթության նախարարությունը Հայոց ցեղասպանության թեման դասագրքերում ներառելը նորմալ է համարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Կրթության և գիտության նախարարությունը դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության թեմայի ներառումը հայտարարել է նորմալ գործընթաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական SamanYolu գործակալությունը, այս մասին ֆրանսիական գերատեսչությունը հայտարարել է` ի պատասխան Թուրքիայի կողմից Ֆրանսիայի Արտաքին գործերի և Ազգային կրթության նախարարություններ ներկայացված նոտայի:

«Ֆրանսիան 2001 թվականին պաշտոնապես ճանաչել է 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները` որպես ցեղասպանություն, և այս թեման դասագրքերում ներառելը նորմալ է: Դասագրքերում ներառված նյութերը պատրաստվել են ակադեմիկոսների, խմբագիրների կողմից և ունեն գիտական լրջություն»,- ասվում է Ֆրանսիայի Կրթության նախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանությունը բողոքի նոտա էր հղել Ֆրանսիայի ԱԳ և Կրթության նախարարություն` պահանջելով վերանայել պատմության և աշխարհագրության դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներառելու ֆրանսիական որոշումը:

Հայերեն Русский