2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում սեպտեմբերի 4-ի երեկոյան մեկնարկել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության 46-րդ համագումարը, որին 6 հազար պատվիրակներ եւ նույնքան հյուրեր են մասնակցում երկրի բոլոր նահանգներից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Time-Warner cable arena մարզական համալիրում հավաքված համագումարի պատվիրակները պետք է ԱՄՆ-ի նախագահի եւ փոխնախագահի պաշտոնների թեկնածուներ առաջադրեն նոյեմբերին կայանալիք ընտրություններում: Բացի այդ, համաժողովի մասնակիցները պետք է հաստատեն կուսակցության նախընտրական ծրագիրը, որն արտացոլում է դեմոկրատների դիրքորոշումները ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական հարցերում: Այդ փաստաթուղթը նախօրյակին տարածվել էր համաժողովի կուլիսներում եւ համագումարում հավանության կարժանանա առանց քվեարկության:
Համագումարի առաջին օրվա գլխավոր իրադարձությունները կդառնան ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի եւ Սան Անտոնիոյի 37-ամյա քաղաքագլուխ Ջուլիան Կաստրոյի ելույթները, որին համարում են Դեմոկրատական կուսակցության ծագող աստղը:
Համագումարը կտեւի երեք օր եւ կեզրափակվի Բարաք Օբամայի ճառով, որում նա պաշտոնապես համաձայնություն կհայտնի քվեարկվելու որպես նախագահի թեկնածու եւ կշարադրի երկրի ապագայի իր տեսլականը: