Իտալիայում ավտոմեքենաների վաճառքն աննախադեպ ցածր ցուցանիշ է արձանագրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում այս տարվա օգոստոսին ավտոմեքենաների վաճառքների ծավալը 2011 թվականի օգոստոսի ցուցանիշի համեմատ նվազել է 20 տոկոսով: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել է Fiat-ի գլխավոր տնօրեն Սերջիո Մարկիոնեն:

«Իմ ողջ կյանքի ընթացքում ես երբեք նման ցածր ցուցանիշներ չեմ տեսել»,- Fiat-ի ղեկավարի խոսքը մեջբերել է MarketWatch-ը: Նրա գնահատականը համընկնում է Իտալիայի ավտոմոբիլային դիլերների դաշնության (Federauto) կանխատեսումների հետ: Իտալիայում թողարկվում են համաշխարհային ճանաչում ունեցող Alfa Romeo, Ferrari, Fiat, Lamborghini, Lancia, Maserati:

Համեմատության համար նշենք, որ Ֆրանսիայում ավտոմեքենաների վաճառքների կրճատումը կազմել է 11 տոկոս, անկումը շարունակվում է արդեն տասներորդ ամիսն անընդմեջ: Հունվար-օգոստոսին Ֆրանսիայում ավտոմոբիլների վաճառքներն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել են 13 տոկոսով:

Իսպանիայում անսպասելիորեն վաճառքների առաջին աճն է գրանցվել յոթ ամսվա ընթացքում, ինչը պայմանավորված է սեպտեմբերից ավելացված արժեքի հարկի բարձրացմամբ: Իսպանիայի ավտոարտադրողների ընկերակցության (ANFAC) տվյալներով` օգոստոսին նոր ավտոմեքենաների վաճառքները տարեկան արտահայտությամբ աճել են 3,4 տոկոսով: Սակայն կազմակերպության գնահատումների համաձայն` առաջիկա ամիսներին շատ թույլ ցուցանիշներ են սպասվում: Հունվար-օգոստոսին Իսպանիայում ավտոմոբիլների իրացման ծավալը 2011 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,5 տոկոսով:

Հայերեն Русский