Վիկտոր Յանուկովիչը չորրորդ անգամ գլխավորում Է ամենաազդեցիկ ուկրաինացիների ցուցակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Վիկտոր Յանուկովիչը գլխավորել Է հարյուր ամենաազդեցիկ ուկրաինացիների ցուցակը, որն ամեն տարի կազմում Է կիեւյան «Կորեսպոնդենտ» ազդեցիկ հանդեսը: Երկրում առավել մեծ ազդեցություն ունեցող մարդկանց՝ թվով տասներորդ վարկանիշն ամսագիրն հրապարակել Է օգոստոսի 31-ին, հաղորդում Է «Արմենպրես»-ը` հղում անելով ՈՒՆԻԱՆ-ին:

Յանուկովիչը վերջին տասը տարվա ընթացքում չորրորդ անգամ գլխավորել Է այդ ցուցակը: Երկու անգամ այդ «բարձունքը» նվաճել են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն եւ երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման:

Ներկայիս վարկանիշի առաջին տասնյակը զբաղեցնում են Յանուկովիչի քաղաքական զինակիցները: «Թոփ-100»-ի երկրորդ տեղում Է Ուկրաինայի ամենահարուստ գործարարը՝ Ռինատ Ախմետովը: Ինչպես եւ անցյալ տարի, երրորդ հորիզոնականում Է նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Լյովոչկինը: Առաջին հնգյակը եզրափակում են նախագահի ավագ որդին՝ ձեռնարկատեր Ալեքսանդր Յանուկովիչը, եւ խոշոր արդյունաբերական ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Դմիտրի Ֆիրտաշը: Վարչապետ Նիկոլայ Ազարովը զբաղեցրել Է 6-րդ հորիզոնականը:

Ընդդիմության առաջնորդ Արսենիյ Յացենյուկը վարկանիշի 9-րդ տեղում Է: Ներկայում պատիժ կրող նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն այս տարի զբաղեցնում Է 13-րդ տեղը (անցյալ տարի նա 10-րդն Էր): Երկրի նախագահի կրտսեր որդին՝ Վիկտոր Յանուկովիչը հայտնվել Է 29-րդ տեղում, իսկ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն նոր ցուցակում տեղ չի գտել:

Հայերեն Русский