Հասարակական

Ազոխի քարանձավից հայտնաբերված բացառիկ գտածոները կցուցադրվեն Արցախում եւ Երեւանում

3 րոպեի ընթերցում

Ազոխի քարանձավից հայտնաբերված բացառիկ գտածոները կցուցադրվեն Արցախում եւ Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հադրութի շրջանի Ազոխ եւ Դրախտիկ գյուղերի միջեւ գտնվող քարանձավի պեղումները վերսկսվել են օգոստոսի 29-ին:«Արմենպրես»-ի հետ զրույցում Ազոխի քարանավի պեղումների համաղեկավար Լեւոն Եպիսկոպոսյանը նշեց, որ եվրոպացի եւ հայ գիտնականներից կազմված արշավախմբի կողմից պեղումներն ընթանում են կանոնավոր ձեւով եւ նպատակ ունեն բացահայտելու քարանձավի մշակութային շերտերը:«Ազոխի քարանձավում պեղումները դադարեցվել էին 1960-ականներին, սակայն տասնամյակների դադարից հետո`2002 թվականին, աշխատանքները նորից վերսկսվեցին, եւ այս տարի արդեն պեղումների 11-րդ շրջանն է»,-ասաց նա:

Եպիսկոպոսյանի ներկայացմամբ` Ազոխի քարանձավն ամենահարուստ պատմամշակութային հուշարձանն է, եւ եթե ուսումնասիրվեն քարանձավի բոլոր շերտերը, ապա հնարավոր կլինի տեղեկություններ ստանալ 350-400 հազար տարի առաջ ապրած մեր նախնիների ու նրանց ապրելակերպի մասին:«Քարանձավում հայտնաբերվել են 43 տարբեր տեսակի կենդանիների ավելի քան 20 հազար ոսկոր, մոտ վեց հազար քարե գործիք նախնադարյան արվեստի հետքեր, կավե իրեր: Մեզ համար արժեքավոր է նաեւ նեանդերթալցու վերին ծնոտի բեկորի հայտնաբերումը, որն իր կառուցվածքով եւ ատամների դասավորությամբ զգալիորեն տարբերվում է ժամանակակից մարդու ծնոտից: Ծնոտի վրա պահպանվել են իմաստության եւ երկու այլ ատամների մնացորդներ»,-ասաց նա:Ազոխի քարանձավից հայտնաբերված գտածոները պահվում են Ստեփանակերտի պատմության թանգարանում` հատուկ արկղերի մեջ:

«Այն գտածոները, որոնք հետագա ուսումնասիրության կարիք ունեն, մեր արտասահմանցի գործընկերների օգնությամբ տանում ենք արտասահման ուսումնասիրելու, քանի որ Հայաստանում չկան համապատասխան սարքավորումներ»,-ասաց նա:

Պեղումների ղեկավարն ուրախությամբ փաստում է, որ սեպտեմբերի 2-ին` ԼՂՀ հռչակման տարեդարձի օրը, Ստեփանակերտի պատմության թանգարանում կցուցադրվեն Ազոխի քարանձավից պեղված 15-20 նմուշ գտածոներ:«Ցուցահանդեսը կտեւի երկու ամիս, իսկ բացմանը մասնակցելու են բարձրաստիճան պաշտոնյաներ, արտասահմանցի հյուրեր: Կառավարության որոշմամբ նախատեսվում է նույն ցուցահանդեսն անցկացնել նաեւ Շուշիի պատմական թանգարանում, եւ եթե հաջողվի` նաեւ Երեւանում»,-ասաց նա:

Արշավախմբի համար ամենամեծ խնդիրը ֆինանսավորումն է: Հնագետի խոսքով, պեղումները վերսկսելուց առաջ տարբեր տեղերից գումարներ են հայթայթում: «Մեզ համար կարեւոր է նաեւ գիտահետազոտական կայանի գործարկումը, որը մեզ հնարավորություն կտա ավելի շատ ուսումնասիրություններ կատարել»,-ասաց նա: Այնուհանդերձ, կայանի գործարկման խնդրանքով արշավախումբը չի դիմելտեղի կառավարությունը, քանի որ գիտակցում է, որ դրա գործարկումը հսկայական գումարների հետ է կապված:«Ես կուզենայի, որ մարդիկ ավելի շատ հետաքրքրվեին իրենց անցյալով»,-եզրափակեց Եպիսկոպոսյանը:

Ազոխ եւ Դրախտիկ գյուղերի միջեւ գտնվող քարանձավի պեղումները կշարունակվենմինչեւ սեպտեմբերի 15-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում