2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի Արտաբույնք գյուղի արեւելյան կողմում գտնվող Սմբատաբերդ ամրոցում 2012թ-ի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարությունը կատարել է մաքրման աշխատանքներ։
Պարսպի տարածքի մաքրման ընթացքում պատերի մնացորդներ հայտնաբերելուց հետո մասնագետներ են գնացել, ծանոթացել իրավիճակին ու որոշել դադարեցնել աշխատանքները` մինչ այդ ապահովելով հնագետի եւ ճարտարապետի մասնակցությունը։Օրեր անց մաքրման աշխատանքները վերսկսվել են:
«Պեղումները բավականին հետաքրքիր բացահայտումների առիթ կարող են դառնալ, մասնավորապես, կարող են ամրոցի նոր պատեր բացվել, զանազան արժեքավոր հնագիտական իրեր հայտնաբերվել», -«Արմենպրես»-ի հետ զրույցումտեղեկացրեցՀուշարձանների պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը։ Նրա հավելմամբ` առանց պեղումների մաքրման ու վերականգնման աշխատանքները շարունակելը սխալ է։
Մշակույթի նախարարության հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Գագիկ Եգանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նախկինում այդ վայրում կատարվել են վերականգնման աշխատանքներ, որից հետո ճարտարապետների եւ հնագետների մասնակցությամբ վերջնական փուլի համար իրականացվել են նաեւ փլատակների մաքրման եւ ամրացման աշխատանքներ:
«Այս ամենի արդյունքում բացահայտվել է նոր կառույց, որը փոխանցելու ենք ապագա սերունդներին: Սա կարգ է, որին հետեւում է մշակույթի նախարարությունը»,-վստահեցրեց Եգանյանը:
2007-2009 թթ-ն իրականացվել էին ամրոցի վերականգնման աշխատանքներ: Մասնակի նորոգվել է պարսպի մի հատվածը, մուտքը։
Սմբատաբերդը պաշտպանված է ձորի բնական անառիկ քարերով, որոնք կրկնակի ամրացված են բարձր ու բրգաձև պարսպով: Մատչելի է միայն հյուսիսային կողմը, որն ամրացված է պարսպով: Ամրոցի երկու մասում միջնաբերդեր կան, ջրի ավազաններ, բնակելի կառույցներ։ Այն Վայոց Ձորի հին, անառիկ եւ խոշոր ամրոցներից է, որ գոյություն է ունեցել 5-րդ դարից առաջ: Վասակյանները Եղեգիսը դարձնելով իրենց վարչաքաղաքական կենտրոնը` ժամանակին ամրոցը դարձրել են ռազմական հենակետ: Օրբելյանների օրոք այն ավելի է ամրապնդվել: