Արմավիրի բնակիչները մի շարք խնդիրներ են բարձրացրել ՀՀ փոխվարչապետի մոտ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն օգոստոսի 28-ին այցելել է Արմավիրի մարզ` նոր ուսումնական տարվա նախաշեմին ծանոթանալու առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող դպրոցների վերանորոգման աշխատանքների ընթացքին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի երեք փուլերով Արմավիրի մարզին հատկացվել է շուրջ 3,9 մլրդ դրամ: Հիմնական միջոցներն ուղղվել են մարզի համայնքներում դպրոցների շենքերի վերանորոգմանը: Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկված է մարզի շուրջ 40 դպրոց,ընդ որում` որոշ դպրոցների շենքերի նորոգումն ավարտին հասցնելու համար գումարներ են հատկացվել ծրագրի բոլոր երեք փուլերով:

Փոխվարչապետին զեկուցվել է, որ աշխատանքները կատարվում են ըստ սահմանված ժամանակացույցի: Մարզի մի շարք համայնքներում աշակերտները նոր ուսումնական տարին կդիմավորեն բարեկարգ դպրոցներում:

Փոխվարչապետը մարզպետ Ա.Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղել է Մրգաստան համայնքի դպրոցում, որի վերանորոգման համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 31,7 մլն դրամ: Այստեղ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, եւ առաջիկա օրերին ամբողջությամբ կավարտվեն:

Արտիմետ համայնքում դպրոցի նորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ այն պատրաստ է նոր ուսումնական տարվան: Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով այդ նպատակով հատկացվել էր 47,5 մլն դրամ:

Հուշակերտ համայնքի դպրոցում ծրագրի երկրորդ փուլով հատկացված 38,5 մլն դրամով կառուցվում է կաթսայատուն ու ջեռուցման համակարգ: Աշխատանքները շարունակվում են եւ, ըստ պատասխանատուների, չեն կարող խանգարել ուսումնական գործընթացին:

Ծրագրի երեք փուլերով շուրջ 160 մլն դրամ էր հատկացվել Լուկաշին համայնքի դպրոցի վթարային մասնաշենքի ամրացման եւ վերանորոգման համար: Ծրագրով նախատեսված աշխատանքները մոտենում են ավարտին, սակայն շենքի նորոգումն ամբողջապես ավարտին հասցնելու համար լրացուցիչ միջոցներ կպահանջվեն: Գեւորգյանը տեղում պատասխանատուների հետ քննարկել է հետագա աշխատանքների շարունակման հնարավորությունները:

Փոխվարչապետն այցելել է նաեւ Խանջյան համայնք, որի վթարային դպրոցի շենքի ամրացման համար պետբյուջեից ընդհանուր առմամբ 217 մլն դրամ է հատկացվել: Զեկուցվե է, որ աշխատանքներն արդեն ավարտվում են, եւ նոր ուսումնական տարին աշակերտները կսկսեն հիմնանորոգված դպրոցում` թողնելով մանկապարտեզի շենքը:

Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորել է ուշադրություն դարձնել աշխատանքների որակին, իսկ այն դպրոցներում, որտեղ վերանորոգման աշխատանքները շարունակվում են, դրանք կազմակերպել այնպես, որ չխանգարեն ուսումնական գործընթացին:

Համայնքներում փոխվարչապետը հանդիպել է նաեւ դպրոցների կոլեկտիվների եւ բնակիչների հետ, լսել է նրանց հուզող խնդիրները: Մասնավորապես, մանկավարժների կողմից բարձրացվել է դրույքաչափը շաբաթական 22-ից 18-ժամյա դարձնելու հարցը, ինչին ի պատասխան Գեւորգյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ Կրթության եւ գիտության ու Ֆինանսների նախարարությունների կողմից ուսումնասիրություններ են իրականացվում խնդրի հետ կապված, որոնց արդյունքներով էլ համապատասխան որոշումներ կկայացվեն: Բնակիչները բարձրացրել են գյուղմթերքի, հատկապես` կարտոֆիլի, կաղամբի եւ դեղձի իրացման, մթերող ընկերությունների կողմից մթերումների դիմաց ժամանակին վճարման, ապրանքի դիմաց վճարվող գնի, ինչպես նաեւ ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր: Բնակիչները նշել են, որ սակավաջուր տարին ոռոգման հարցում որոշակի դժվարություններ է առաջացնում, եւ առաջարկել են առավելագույնս օգտագործել խորքային հորերը, հնարավորության դեպքում` շահագործել նորերը: Գեւորգյանը խոստացել է, որ բարձրացված հարցերը կքննարկվեն կառավարությունում:

Խանջյան համայնքում մտահոգություն է հնչել, որ նոր վերանորոգված դպրոցի մոտով անցնող սելավատարը կարող է վնաս հասցնել շենքին: Փոխվարչապետը նշել է, որ Քաղաքաշինության նախարարությանը կհանձնարարվի լուծում տալ խնդրին:

Փոխվարչապետը ծանոթացել է նաեւ Արմավիր-Լուկաշին-Խանջյան ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով: 6,5 կմ ճանապարհահատվածի վերանորոգումը նախատեսվում է ավարտել նոյեմբերին:

Հայերեն

Ֆոն դեր Լայենը հասկանալի է համարել ՌԴ-Ուկրաինա բանակցություններին Եվրոպայի ներկայությունը և ողջունել է գերիների առաջիկա փոխանակումը

Իրանը կարող է հրթիռային հարված հասցնել մինչև 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների. ԻՀՊԿ

Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համագործակցության զարգացումը

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը