Փարիզում Թուրքիայի դեսպանությունը կուսումնասիրի դասագրքերում ներառված Հայոց ցեղասպանության մասին նյութերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում չեն դադարում արձագանքները` կապված Ֆրանսիայի դպրոցական դասագրքերում «Հայոց ցեղասպանություն» վերնագրով նոր բաժնի ներդրման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Փարիզում Թուրքիայի դեսպանությունը որոշում է կայացրել ուսումասիրել միջնակարգ դպրոցների պատմության և աշխարհագրության դասագրքերում ներառված նյութերը և դրանց վերաբերյալ զեկույց պատրաստել:«Ուսումնասիրություններից հետո արդեն պարզ կլինեն մեր հետագա անելիքները»,- հայտարարել է Փարիզում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Թահսին Բուրջուօղլուն:

Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, ով արտահայտելով իր զայրույթը` Ֆրանսիային «խորհուրդ» էր տվել անհապաղ «հետ կանգնել նման սխալից»: Իսկ որոշ թուրք վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, թե այս փաստը հերթական անգամ ապացուցում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատակամ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի դարձնող օրինագծի ընդունման հարցում:

Ֆրանսիայում նոր լույս տեսած պատմության դասագրքերում ընդգրկվել են նաեւ Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութեր: Նոր դասագրքերի հեղինակ Վալերի Պերտուեն առաջարկել է աշակերտներին նոր հայացք գցել պատմության վրա և դիտարկել մի շարք պատմական իրադարձություններ, որոնք սովորաբար ընդունված չէ ներառել եվրոպական դպրոցական ծրագրերում:

Հայերեն English Русский