Հունաստանը կարող Է եվրոգոտուց դուրս գալ առաջիկա աշնանը. Citigroup

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության եվրոգոտու երկրների տնտեսական եւ ֆինանսական դժվարությունները միջնաժամկետ հեռանկարում կպահպանվեն, երբ ընթացիկ եւ հաջորդ՝ 2013 թվականին շարունակվի նրանց միագումար ՀՆԱ-ի անկումը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, այս կանխատեսմամբ հանդես Է եկել ամերիկյան Citigroup բանկը, որը տեղ Է գտել օգոստոսի 23-ին Լոնդոնի Սիթիում տարածված զեկույցում:

Նրա մասնագետների կարծիքով՝ պահպանվող դժվարությունները «կհանգեցնեն առաջիկա 12-18 ամիսներին եվրոգոտուց Հունաստանի դուրս գալուն»: Սակայն ներկա իրադրությունն այնքան անկայուն Է ու անկանխատեսելի, որ Հունաստանը կարող Է եվրոգոտուց դուրս գալ արդեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, նշում են նրանք:

«Եվրոյից Հունաստանի հրաժարվելու եւ ազգային արժույթի վերականգնման դեպքում նրա փոխարժեքը կընկնի 60 տոկոսով, ինչը 2013-2016 թվականներին կառաջացնի ինֆլյացիայի զգալի աճ»,-ընդգծվում Է զեկույցում:

Ընդհանուր առմամբ բանկն այն կարծիքին Է, որ առաջիկայում Եվրամիությանը դժվարին ժամանակներ են սպասում, որոնք կուղեկցվեն խիստ մեծ անորոշությամբ:

Իր հերթին, Եվրախմբի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել Է, թե հույները պետք Է իմանան, որ իրենց երկիրը կանգնած Է «սահմանագծին»: Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ կայացած հանդիպումից հետո Յունկերը գովեստով Է խոսել պակասուրդի կրճատման ուղղությամբ երկրի գործադրած «վիթխարի ջանքերի» մասին: Սակայն նա հայտարարել Է, որ Հունաստանի կառավարության առաջնահերթ խնդիրը տնտեսության հետագա կառուցվածքային բարենորոգումն Է: Այն պետք Է ներառի աշխատուժի շուկայի ազատականացման միջոցառումները եւ սեփականաշնորհման ծրագրերի իրականացումը, որոնք խոստացվել են, բայց չեն կենսագործվել:

Վարչապետ Սամարասը խոստացել Է, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Հունաստանը կավարտի 11,5 միլիարդ եվրո գումարով բյուջետային ծախսերի կրճատման նոր միջոցառումների փաթեթի մշակումը: Սակայն նա ձգտում Է հասնել այն բանին, որ երկու տարով հետաձգվի այս հիվանդագին միջոցառումների իրականացումը:

Հունաստանի վարչապետի հետ կայացած զրույցից հետո Յունկերը հայտարարել Է, որ երկարաձգման մասին որոշումը կախված կլինի Հունաստանի հիմնական վարկատուների զեկույցից, որը կհրապարակվի սեպտեմբերին:

Հունաստանին «օդի պես» լրացուցիչ ժամանակ Է անհրաժեշտ պետական բյուջեի պակասուրդի կրճատման բարեփոխումներն ավարտելու համար, հայտարարել Է Հունաստանի վարչապետը օգոստոսի 22-ին գերմանական Bild թերթում հրապարակված հարցազրույցում: Սամարասը նշել Է, որ այժմ Հունաստանը հենց ժամանակի, այլ ոչ թե փողի կարիք ունի: «Մենք լրացուցիչ փող չենք պահանջում: Մենք տրամադրված ենք կատարելու մեր պարտավորությունները, եւ դրանք լրիվ ծավալով կկատարենք: Այն ամենն, ինչ մեզ անհարժեշտ Է, «շունչ քաշելու ժամանակն Է», որպեսզի տնտեսությանն ստիպենք աշխատել եւ ավելացնենք երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ): Ավելի շատ ժամանակը չի նշանակում ինքնաբերաբար ավելի շատ փող»,- նշել Է վարչապետը:

Իսկ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը, Սամարասի խոսքով, Հունաստանի համար կդառնա «գիշերային մղձավանջ», քանի որ կհանգեցնի երկրում 70 տոկոսով կենսամակարդակի անկման: «Դա կնշանակի ռեցեսիայի եւս 5 տարի, գործազրկության ավելացում մինչեւ 40 տոկոս: Սարսափ Հունաստանի համար. տնտեսական կոլապս, սոցիալական հուզումներ եւ ժողովրդավարության չտեսնված ճգնաժամ»,- նշել Է Հունաստանի վարչապետը:

Իր հերթին, Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) վարչության անդամ Յորգ Ասմուսենը հայտարարել Է, որ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը կարող Է լինել կառավարելի, թեեւ դա, այնուամենայնիվ, չափազանց թանկ կնստի եւ կհանգեցնի գործազրկության աճի: Միեւնույն ժամանակ նա ընդգծել Է, որ Հունաստանը պետք Է մնա եվրոգոտում, եւ նա ի զորու Է պահպանելու իր անդամությունը: Իսկ եթե հույները որոշում ընդունեն հեռանալու արժութային միությունից, ապա նրանց դուրս գալը կուղեկցվի տնտեսական ցնցումներով, որոնք չեն սահմանափակվի բալկանյան երկրով:

Հայերեն Русский