1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Հայոց պատրիարքարանի կողմից շարունակվում են Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում 30 տարի չօգտագործվելու պատճառով փլուզման վտանգի առաջ հայտնված Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման եւ վերականգնման աշխատանքները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk-ը, Հայոց ցեղասպանության տարիներին, եկեղեցու խաչով գմբեթը քաղաքում ամենաբարձրը լինելու պատճառով ազգայնականները պայթեցրել էին այն, ինչի պատճառով եկեղեցու զանգը ջարդվել էր: Ստամբուլի պատրիարքարանի ջանքերով եկեղեցու համար Մոսկվայում նոր զանգ է պատրաստվել, որն արդեն բերվել է Դիարբեքիր: Այն այժմ գտնվում է եկեղեցում եւ շուտով կտեղադրվի զանգակատանը:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին Մերձավոր Արևելքում հայկական համայնքին պատկանող ամենամեծ եկեղեցին է: Եկեղեցու բացման արարողությունը նախատեսվում է 2012 թվականի նոյեմբերի 4–ին. զանգը հայկական եկեղեցում կհնչի 97- ամյա դադարից հետո: