Կարծիքներ

Թուրքիան հասկացել է, որ Սիրիայի հարցում հաջողության հասնել չի կարող. Սաֆրաստյան

3 րոպեի ընթերցում

Թուրքիան հասկացել է, որ Սիրիայի հարցում հաջողության հասնել չի կարող. Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում սկսում են ավելի լուրջ վերլուծել Սիրիայի իրադարձությունների շուրջ տարվող սեփական քաղաքականությունը: Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը օգոստոս 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Թուրքիան տարածաշրջանում ձգտում էր հասնել գերակա դիրքերի, ձեռք բերել նոր որակի առավելություններ: «Նրա հաշվարկները սխալ դուրս եկան: Թուրքիայի դիվանագիտությունը, վերնախավը պետք է փորձեն վերագնահատել իրենց քաղաքականությունը Սիրիայի հարցում: Ես կարծում եմ, որ նա ունի երկու ճանապարհ` թուլացնել իր ակտիվությունն ու տրվող օժանդակությունն ապստամբներին կամ դիմել ռազմական գործողություններին մոտ քայլերի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց արեւելագետը: Սաֆրաստյանի կանխատեսմամբ` Թուրքիան կընտրի երկրորդ ճանապարհը, հետ չի կանգնի այն գործողություններից, որոնք հանգեցրին Սիրիայում այդպիսի իրավիճակի սրմանը:

«Դա առաջին հերթին վտանգ է ներկայացնում հենց Թուրքիայի համար, քանի որ վատացել են նրա հարաբերություններն Իրաքի իշխանությունների հետ, բացի դրանից, իր տարածքի վրա ստացած տասնյակ հազարավոր փախստականները սկսում են խնդիր ներկայացնել Թուրքիայի համար: Ֆինանսական առումով` այն զենքերը, որոնք տրամադրում են սիրիացի ապստամբներին` կարող են հայտնվել Սիրիայի քրդերի ձեռքում»,-նշեց նա:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Թուրքիա այցին` Սաֆրաստյանն ընդգծեց, որ այնտեղ հնչեցին մի քանի կարեւոր հայտարարություններ, մասնավորապես` ստեղծվում են աշխատանքային խմբեր, որոնք ավելի մանրամասն պետք է ուսումնասիրեն Սիրիայի իրադարձությունները եւ պետք է զբաղվեն հետագա գործողությունների ծրագիր մշակելով:«Կողմերը քննարկել են նաեւ երկու կարեւոր հարց` ինչպես դիմակայել քիմիական զենքի օգտագործման տարբերակներին եւ երկրորդ` օդային միջանցքների հարցը: Երկրի բնակչության մեծ մասն օժանդակում է Ասադին, բանակը կանգնած է կառավարական վերնախավի կողքին: Արեւմուտքը, ապստամբների ղեկավարները, Թուրքիան հասկանում են, որ պարտվում են եւ դրանով էլ պայմանավորված է հատուկ օդային գոտիների հարցն ակտուալ դարձնելը»,-նշեց Սաֆրաստյանը:

Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունների լարվածությունը գագաթնակետին հասավ թուրքական ռազմական F-4 ինքնաթիռի կործանումից հետո:Թուրքիան օդուժ եւ զորամիավորումներ տեղակայեց Սիրիայի հետ սահմանին եւ սպառնացել, որ կհարվածի Թուրքիայի սահմանը խախտող ցանկացած օբյեկտի: Անկարան հայտարարում էր, որ թուրքական ինթնաթիռը խփվել է միջազգային ջրերում, իսկ Դամասկոսն էլ պնդում է, որ այն խփվել էր Սիրիայի օդային տարածքը խախտելու պատճառով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում