Տարածաշրջանային

Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվել հայ սպային կացնահարած ադրբեջանցուն բանտից ազատելու պահանջով

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվել հայ սպային կացնահարած ադրբեջանցուն բանտից ազատելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» կազմակերպությունը ստորագրահավաքի արշավ է անցկացրել Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած Ադրբեջանի զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովին բանտից ազատելու պահանջով եւ ստորագրահավաքի արդյունքները հանձնել Անկարայում Հունգարիայի դեսպանատուն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է SalamNews լրատվական կայքը:

Թուրքական կազմակերպության ղեկավար Գյոքսել Գույբեյը հայտարարել է, որ արշավի շրջանակում 2500 ստորագրություներ են հավաքել Սաֆարովի նկատմամբ կրկնական դատական գործընթաց անցկացնելու համար: Ըստ ադրբեջանական կայքի` ստորագրահավաքին Թուրքիայի քաղաքացիների հետ մասնակցել են նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի` ադրբեջանցի քաղաքացիներ: Մոռանալով, որ արդեն 21-րդ դարն է, Գյուլբեյը նշել է, որ «դեռ Օսմանյան կայսրությունում հայերին սպանողների նկատմամբ մեղմ պատիժներ են սահմանվել»` դրանով բացահայտելով Օսմանյան կայսրության ժառանգորդ ժամանակակից Թուրքիայում հայերի նկատմամբ առկա տրամադրությունները:

ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը եւ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացներին: Նախնիների մարդասպան եւ գազանային բնազդն արթնացրած Սաֆարովը 2004թ. փոտրվարի 19-ին Գուրգեն Մարգարյանին սպանել է քնած ժամանակ: Հունգարիայի դատարանը Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության է դատապարտել: Ադրբեջանի կառավարությունը Սաֆարովին «ազգային հերոսի» կոչում է շնորհել: Բաքուն պաշտոնական մակարդակով ամեն միջոցի դիմում է` Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու կամ կրկնական դատական գործընթացի հասնելու համար, ինչը Հունգարիան մերժում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում